Հայաստանն` ամենաանվտանգ երկրների տասնյակում. ի՞նչ է փոխվել զբոսաշրջության ոլորտում

Միանգամից երեք ատյան` կոմիտեն, հիմնադրամը և ֆեդերացիան ձեռնամուխ են եղել Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը տարածաշրջանում միակն է, որ ընդգրկվել է ճանապարհորդության համար ամենաանվտանգ երկրների լավագույն հնգյակում։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը։

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» առաջին ընդհանուր նիստի շրջանակներում այսօր տեղի ունեցավ Կոմիտեի, ֆեդերացիայի և զբոսաշրջության զարգացման հիմնադրամի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։

Մարտունեցի կովբոյը. ինչպես է զարգանում ձիավարական զբոսաշրջությունը Հայաստանում. տեսանյութ

«Հայաստանը ԱՄՆ զբոսաշրջիկների համար անվտանգության տեսանկյունից ութերորդ երկիրն է համարվում», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` Զբոսաշրջության կոմիտեն թիրախային շուկաներում զբաղվում է Հայաստանի առաջխաղացմամբ նախևառաջ որպես անվտանգության և ճանաչման  տեսանկյունից գրավիչ երկիր։ Նա ընդգծեց, որ անվտանգության մասին խոսում են ոչ միայն տեղի բնակիչները, այլև զբոսաշրջիկները։

Հայաստանն անվտանգ երկրի կարգավիճակ ունի նաև տարբեր ուսումնասիրությունների արդյունքներով։

Ռուսաստանից, Իրանից, Ֆիլիպիններից, Լիբանանից և այլ երկրներից Հայաստան զբոսաշրջիկների հերթական հոսքը սպասվում է Ամանորին։ Ձմեռային զբոսաշրջության զարգացման համար, Աշոցքի լեռնադահուկային հանգստավայրի հետ մեկտեղ, կբացվի նաև դահուկային կայան։

Զբոսաշրջության զարգացմանը նպաստում է նաև Կոմիտեի, ֆեդերացիայի և հիմնադրամի միջև ստորագրած համաձայնագիրը։ Դրանում համոզված է ՀՀ զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը։

«Ֆեդերացիայում ընդգրկված են ներկայացուցիչներ մասնավոր հատվածից, ինչը շատ կարևոր է պետության համար։ Փաստորեն, ֆեդերացիան պետության և մասնավոր հատվածի միջև կապող օղակ է դառնում», – ասաց Խզմալյանը։

Նա ընդգծեց, որ առանց պետության և մասնավոր հատվածի սերտ համագործակցության զբոսաշրջության զարգացումը անհնար է պատկերացնել։ Պետական քաղաքականությունը չի կարող շրջանցել մասնավոր հատվածը, որը, մեծ հաշվով, բոլորից շատ է հետաքրքրված զբոսաշրջության զարգացման հարցում։

Առաջնահերթ խնդիրների շարքում, որոնք կողմերը պետք է լուծեն, Խզմալյանը նշեց միջազգային հարթակներում Հայաստանի ներկայացված լինելը։