Հայաստանում տանիք կունենան ևս 44 ընտանիք

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 44 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» որոշման նախագիծը:

Նախագծի համաձայն` լուծվելու է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 44 ընտանիքի բնակարանային խնդիր:

ՀՀ կառավարությունն ընդունեց նախագիծը:

Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թվականներին հատկացվել է շուրջ 65 մլրդ դրամ, որով լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր:

Մնացած 542 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար պահանջվում է 4 մլրդ դրամ։ Խնդրի ամբողջական լուծումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի ավարտը:

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով ծրագրի իրականացման համար հատկացվել է 460 մլն դրամ։