Ոռոգման համակարգի ոլորտում վակխանալիա է տիրում. Նիկոլ Փաշինյան

Ոռոգման ջուր գողացողներին փնտրելու ու գտնելու են արբանյակային նկարահանումների միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում ոռոգման ջուր գողացողներին փնտրելու են ու պատժեն։ Այս մասին այսօր կառավարությունում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այսօրվանից պետք է արձանագրենք, որ ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա, և այսօրվանից պետք է զբաղվենք, որ նույն տաշտակի առաջ չկանգնենք», - նշեց Փաշինյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրեց, որ որոշակի աշխատանքներ իրականացվել են այդ ուղղությամբ. «Մենք սկսել ենք մի գործընթաց, երբ արբանյակային պատկերի միջոցով ստանում ենք երկրում առկա խոնավ հողերի պատկերը, և դա համադրում ենք ջրօգտագործող ընկերությունների կողմից տրամադրված պայմանագրերի հետ, տեսնում՝ որտեղ ունենք ստվերային այգիներ: Այսինքն ստուգվում է հողը, թե որտեղ է խոնավ, որտեղ է ջրվում: Հենց այսօր արդեն կսկսենք աշխատանքային խումբ կազմելու աշխատանքները»:

Ապօրինի ջրառը ձևակերպվում է որպես ոռոգման ցանցի կորուստ։

Փաշինյանն ընդգծեց, որ նման գործողությունների համար պատժելու են, իսկ արբանյակային նկարահանմամբ մոնիթորինգը շարունակվելու է։

Ոռոգման ջրի գինը Հայաստանում 11 դրամ է` 1 խորանարդ մետրի դիմաց (սա հանրապետությունում միջին ցուցանիշն է)։