Լիլիթ Մակունցը հորդորում է Վահագն Մարգարյանի մահը շահարկման թեմա չդարձնել

Նախարարի պաշտոնակատարը ցավակցում է տաղադնավոր արտիստի հարազատներին, բայց նշում է, որ իրենք չէին կարող շրջանցել օրենքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հորդորում է չշահարկել բալետի պարող Վահագն Մարգարյանի մահը։ Նա այս մասին ասաց այսօր` նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Անգամ տղամարդիկ են լալիս. Երևանում հրաժեշտ են տալիս 23-ամյա արտիստին. լուսանկարներ

Մակունցը նշեց, որ Վահագն Մարգարյանի վթարի մասին հենց նույն օրն է տեղեկացել և անմիջապես շտապել է հիվանդանոց, որպեսզի տեսնի՝ ինչ է հնարավոր անել նրա կյանքը փրկելու համար:

Վահագնի մահից հետո տեղեկություն տարածվեց, թե նախարարությունը մերժել է արտիստի հրաժեշտի արարողությունն Օպերայում կազմակերպելու խնդրանքը։

«Մեզ դիմել են երեկ չէ առաջին օրը՝ ժամը 17:00-ի հատվածում, որպեսզի հաջորդ օրը՝ ժամը 12:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվի հոգեհանգիստ Օպերայում»,– ասաց Մակունցը` նշելով, որ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի որոշումով սահմանվում է հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը:

«Սա այն կարգն է, որով պիտի առաջնորդվի նախարարությունը: Ես կուզեի, որ Վահագնի, տաղանդավոր երիտասարդի մահը պարզապես չշահարկվեր: Մենք պարզապես հետևել ենք ընթացակարգին: Հակառակը կլիներ օրենքը շրջանցել ու խախտել, ինչը ես չեմ արել: Չեմ արել անգամ այն պարագայում, երբ, իհարկե, գիտակցում եմ, որ հատկապես այս նախընտրական փուլում դա ինձ, որպես ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուի, կարող էր բերել քաղաքական դիվիդենտներ: Չեմ գնացել այդ քայլին, երբեք ինձ նման բան թույլ չէի տա», - ասաց Մակունցը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Վահագն Մարգարյանի ընկերների հետ պայմանավորվել են հիշատակի երեկո կազմակերպել։

Հիշեցնենք` նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում ավտովթար էր տեղի ունեցել։ Վահագն Մարգարյանը եղել էր տաքսու մեջ։ Երիտասարդը վթարի հետևանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել ստոծանին, հեռացվել էր փայծաղը: Բժիշկներն ամեն ջանք գործադրել էին, սակայն չէին կարողացել փրկել նրա կյանքը։ Վահագն Մարգարյանը նոյեմբերի 21-ին մահացել էր։