ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի տեղեկատվական դաշտը բառացիորեն ողողված է կեղծ նորություններով, որոնք ակտիվորեն տարածվում են սոցիալական ցանցերում ֆեյք պրոֆիլների և ցածրորակ լրատվական մեկօրյա կայքերի միջոցով։
Չափազանց բարդ է պայքարել կեղծ նորությունների դեմ, քաղաքացիների գիտակցականության մակարդակը, լավը վատից տարբերելու նրանց ընդունակությունը հեռու է բավարար լինելուց։ Իրավիճակը երբեմն հասնում է անհեթեթության. նորմալ ԶԼՄ–ները և նրանց հրապարակումներն ուղղակի կորչում են կեղծ հրապարակումների և ֆեյք աղբյուրների մեջ։
Անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով` Հայաստանում ֆեյք նորությունների արտադրությունը գրեթե դրված է «արդյունաբերական» ռելսերի վրա։ Հանրապետությունում գոյություն ունեն հատուկ խմբեր և թիմեր, որոնք մասնագիտացած են դրանում։ Այդ մասին նա ասաց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ։
Թեպետ նույն Facebook–ը կանոնավոր կերպով մաքրում է իր տիրույթը կեղծ պրոֆիլներից, ամեն անգամ հայտնվում են նոր էջեր։ Հիմա Facebook–ի արգելափակումից խուսափելու նպատակով ֆեյք նորությունների հեղինակները գնում են իրական մարդկանց չօգտագործվող պրոֆիլները և դրանց օգնությամբ անում իրենց սև գործը։ Ընդ որում, նախապատվություն են տալիս հին պրոֆիլներին, որոնք բացվել են մինչև 2014-2015թթ.–ները։
Այս իրավիճակն ավելի լարվում է ներքաղաքական ցնցումներից։ Վերջին ամիսների իրադարձությունները միայն բարձրացրել են հայկական ԶԼՄ–ների քաղաքականացվածության մակարդակը։ Եվ որպես հետևանք` հաճախ ԶԼՄ–ները զլանում են տեղեկությունը ստուգել առնվազն երկու պաշտոնական աղբյուրներից։ Առավել ևս, եթե այս կամ այն չստուգված տեղեկությունը համահունչ է տվյալ պարբերականի քաղաքական նախապատվություններին, ապա այն իսկույն տարածվում է այդ կողմնակալ պարբերականի միջոցով։
«Հայ հասարակությունն առայժմ չի սովորել տարբերել ֆեյք նորությունն իրականից։ Մարդիկ ամեն տեսակ հիմարություն կարդում են, սեղմում յուրաքանչյուր աղմկահարույց վերնագրի վրա, որը տեսնում են Facebook–ում։ Եվ յուրաքանչյուր «քլիք» նպաստում է այդ նորության հետագա տարածմանը։ Նման նորությունները պետք է անտեսել, պետք է բողոքել սոցցանցի ղեկավարությանը։ Միայն այդպես կարելի է ինչ-որ կերպ պայքարել կեղծ տեղեկությունների հոսքի հետ», – ասաց Մարտիրոսյանը։
Փորձագետը կանխատեսում է կեղծ նորությունների հոսքի ավելացում` նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Մարտիրոսյանի խոսքով` ֆեյքերի տարածման ևս մի գործոն է պետհաստատությունների ոչ արդյունավետ և ոչ օպերատիվ աշխատանքը։ Գաղտնիք չէ, որ լրագրողները հաճախ բողոքում են մամուլի քարտուղարների անհասանելիությունից, վերջինները միշտ չէ, որ ժամանակին են տալիս ստույգ տեղեկություն։ Որպես կանոն` այդ դատարկ տարածությունը լրացնում են բամբասանքները և հերյուրանքները։
Կան նաև թեժ թեմաներ, որոնք կեղծ նորությունների կայուն աղբյուր են ծառայում. դա ղարաբաղյան հակամարտությունն է և ԼԳԲՏ համայնքը։