«Հարավկովկասյան երկաթուղին» պատրաստվում է իր գործարար համբավը պաշտպանել դատական կարգով

«ՀԿԵ» ընկերությունը ՏՄՊՊՀ–ի որոշումը կբողոքարկի լավագույն փաստաբանների աջակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հեռուստառեպորտաժների և ԶԼՄ-ների հրապարակումների միջոցով են տեղեկացել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից՝ «ԱՄ գրուպ» և «Արմսվիսբանկ» ընկերությունների դիմումների հիման վրա, 2018 թվականի նոյեմբերի 21-ին ընդունված «ՀԿԵ» ՓԲԸ նկատմամբ տուգանք կիրառելու որոշման մասին: Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Ընկերության ներկայացուցիչները չեն տեղեկացվել և չեն մասնակցել հանձնաժողովի նիստին, ուստի չեն տիրապետում պաշտոնական տեղեկատվությանը և չունեն համապատասխան պաշտոնական փաստաթղթեր:

«Նշված տեղեկատվության պաշտոնական հաստատման դեպքում՝ Ընկերությունը պատրաստվում է իր տնտեսական շահերը և գործարար համբավը պաշտպանել դատական կարգով՝ հանձնաժողովի որոշումը բողոքարկելով լավագույն փաստաբանների աջակցությամբ»,– հայտնում է ՀԿԵ–ն:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Նշենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նոյեմբերի 21-ի նիստում որոշել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԷ) ընկերությանը ենթարկել ֆինանսական պատասխանատվության: Մենաշնորհային դիրքի չարաշահման համար ընկերության հանդեպ կիրառվել է տուգանք` 30 մլն դրամի չափով: