Ենթատեքստ պետք չէ փնտրել. ԱԳՆ ներկայացուցիչը բացատրել է` ինչու են Վիրաբյանին հետ կանչել

ԱԳՆ մամուլի քարտուղարը Facebook սոցիալական ցանցում անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերջին հրամանագրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Դեսպանների հետկանչումը և նշանակումը բնականոն ու շարունակական գործընթաց է, որն իրականցվում է նախապես պլանավորված ռոտացիայի արդյունքում, և այստեղ այլ ենթատեքստ պետք չէ փնտրել: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` ՀԱՊԿ–ի մշտական ներկայացուցչին հետ կանչելու հրամանագրին։

«Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն՝ մայրաքաղաքից համակարգելով նաև այն ուղղությունը, որն իրականացնում էր որպես ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Ե՛վ պարոն Վիրաբյանը, և՛ պարոն Բիյագովն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն, և մեր դիվանագիտական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, կարողությունները և արդյունավետությունը չպետք է որևէ մեկի մոտ կասկած հարուցեն»,– գրել է նա:

Նաղդալյանը շնորհավորել է գործընկերներին և ամենայն հաջողություն մաղթել իրենց բոլոր նախաձեռնություններում:

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ` նոյեմբերի 21-ին, երկու հրամանագիր է ստորագրել, որոնցից մեկը Դավիթ Վիրաբյանին ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին է, մյուսը` նրա փոխարեն Վիկտոր Բիյագովին նշանակելու մասին։