Արամ Հարությունյանի շուրջ օղակը սեղմվում է. «Ժողովուրդ»

Չի բացառվում` Հարությունյանը ձերբակալվի դեկտեմբերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ քաղաքաշինության, այնուհետև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Ինչպես հայտնի է, գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում շրջանառվում է Հարությունյանի անունը` որպես կաշառք վերցրած պաշտոնյայի: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

ՀՅԴ–ն բացառում է. Փաշինյանի մատնանշած պատգամավորն իրենց խմբակցությունից չէ

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասել էր, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու, պարզապես իրավապահները սպասում են մի թղթի վերաբերյալ պաշտոնական պատասխանի: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՔԾ-ն ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բնօրինակները և մի շարք այլ փաստաթղթեր:

Պարբերականը նշում է, որ նոյեմբերի 21-ին ՀՔԾ-ում առերեսում էր կատարվել Համբարձումյանի և Հարությունյանի միջև, և գործարար կինը պնդել էր իր ցուցմունքները:

«Չի բացառվում` Հարությունյանը ձերբակալվի դեկտեմբերին, երբ ավարտվեն այս ԱԺ-ի լիազորությունները, և Հարությունյանը կորցնի պատգամավորական անձեռնմխելիությունը, որ հարկ չլինի ստանալ ԱԺ-ի համաձայնությունը»,– եզրակացնում է «Ժողովուրդը»:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 19-ին խոստացել է առաջիկայում հայտնել Նիկոլ Փաշինյանի հիշատակած պատգամավորի անունը։