Ոչ ոք չի կարող նրա նման. Փաշինյանը միայնակ կանցկացնի քարոզարշավը

Մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթներում «գաղափարական» բաղադրիչը գերիշխում է առօրյա այն խնդիրների քննարկման նկատմամբ, որոնց հետ բախվում են տեղի բնակիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում նախընտրական քարոզարշավը ոչ պաշտոնապես կարելի է համարել բացված։

Այդ մասին վկայում են ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` մարզեր կատարած աշխատանքային այցերը և նրա ելույթների բովանդակությունը, այնպես էլ ընդդիմադիրների ակտիվ քննադատությունը` ի դեմս Հանրապետական կուսակցության անդամների։ Քաղաքական առճակատման աստիճանն օրեցօր աճում է, թեև հասկանալի է, որ ուժերն անհավասար են։

«Նիկոլ, վարչապետ» կարգախոսը չի ընդունվել. ի՞նչ կարգախոսով ընտրության կգնա «Իմ քայլը»

Նոյեմբերի 19–ին Փաշինյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ, երկու օր անց` Արագածոտն։ Նրա բոլոր ելույթներում կարմիր թելի նման անցել է գալիք ընտրությունների թեման։ «Գաղափարական» բաղադրիչն ակնհայտորեն գերիշխել է առօրյա այն խնդիրների քննարկման նկատմամբ, որոնց հետ բախվում են մարզերի բնակիչները։ Դա առիթ է տվել ՀՀԿ առանձին ներկայացուցիչների խոսել այն մասին, որ Փաշինյանն արդեն սկսել է նախընտրական քարոզարշավը և օգտագործում է իր կարգավիճակը այդ արշավը վարելու համար։

Քաղաքագետ Նարեկ Գալստյանի կարծիքով` ՀՀԿ–ի հայտարարություններում ճշմարտության բաժին կա այն մասին, որ Փաշինյանն օգտագործում է իր դիրքը քարոզարշավի համար։ Բայց պետք է հասկանալ, որ նման փորձ եղել է անցած տարիների ընտրությունների ժամանակ։

Բավական է հիշել ՀՀԿ քարոզարշավն անցած խորհրդարանական ընտրություններում։

«Իշխող կուսակցության ներկայացուցիչը միշտ ապրիորի որոշակի առավելություններ ունի մնացած ուժերի նկատմամբ, դա բնորոշ է գրեթե բոլոր երկրներին։ Մեկ այլ հարց է, որ մյուս պետություններում դա չի հանգեցրել այնպիսի հետևանքների, ինչպիսիք եղել են Հայաստանում», – ասաց նա Sputnik Արմենիային։

Հայաստանում բացառիկ ընտրություն է լինելու. քաղտեխնոլոգը հիշում է 90-ականները

Միաժամանակ նա նշեց, որ Փաշինյանը գրեթե միայնակ իր վրա է վերցրել նախընտրական քարոզարշավի հիմնական բեռը, ինչը սպասելի էր։ Փաշինյանի վարկանիշը բարձր է մնում, ակնհայտ է, որ դեկտեմբերի 9–ի  ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համար քվեարկողներն առաջին հերթին ձայն կտան Փաշինյանին։

«Հենց Փաշինյանին են լիազորել փոփոխություններ իրականացնել երկրում, և բոլոր դրական բաները կենտրոնացված են Փաշինյանի կերպարում։ Ոչ ոք չէր կարող այդպես վարպետորեն վարել քարոզարշավը, տիրապետել հռետորական արվեստի բոլոր նրբություններին։ Վարչապետի պաշտոնակատարի թիմին մեծ «հունձ» է պետք ընտրություններում, և այդ նպատակին հասնելու համար որոշել են գործարկել հիմնական ռեսուրսը` ի դեմս Փաշինյանի անձնական վարկանիշի», – ասաց փորձագետը։

Փաշինյանի համար դժվար կլինի համատեղել կառավարությունում աշխատանքը և նախընտրական քարոզարշավը, բայց մարտավարական առումով դա առավել օպտիմալ տարբերակն է։

Միաժամանակ, հայտարարված բարեփոխումների իրագործման համար պատասխանատվությունն ընկնում է ամբողջ թիմի վրա։ Վերջին ամիսներին հասարակությունը բազմիցս համոզվել է, որ Փաշինյանի թիմի ոչ բոլոր մարդիկ են համապատասխանում դրված նպատակներին։