ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 24-ին, ժամը 10-ին մեծ երթի է հրավիրում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին նա հայտարարել է ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում:
Փաշինյանը տեղեկացրել է, որ շաբաթ օրը երթը սկսելու է Նոր Նորքից՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից:
«Երթը լինելու է անսովոր, մոտավորապես այնպիսին, ինչպիսին հեղափոխության օրերին: Ժամը 10:00-ից կսկսենք քայլել Նոր Նորքի Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից դեպի Մասիվներ, հետո կհասնենք Քանաքեռ-Զեյթուն, Կոմիտաս, այնուհետ կտեսնենք շարունակությունը»,– ասաց Փաշինյանը։
Նա հույս է հայտնել, որ այդ օրը ժողովրդի հետ լավ կքայլեն. «Իրար հետ լավ կքայլենք՝ հեղափոխության այս փուլը արժևորելու և ՀՀ հպարտ քաղաքացու հաղթանակը ևս մեկ անգամ ազդարարելու համար»։
Նա հրավիրել է բոլոր նրանց, ովքեր քայլելու մեծ ուժ են զգում իրենց մեջ։ Ըստ Փաշինյանի՝ դա նաև առիթ կլինի շփվելու:
«Կարոտել եմ բոլորիդ». եզրափակել է վարչապետի պաշտոնակատարը։