Մոսկվայի «Շերեմետևոյի» թռիչքուղու վրա մահացածը ՀՀ քաղաքացի է

Տղամարդուն հայրենիք էին արտաքսել Իսպանիայից, սակայն Հայաստանի ճանապարհին նա փախել է ինքնաթիռից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Պարզվել է` Մոսկվայում երեքշաբթի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա հայտնաբերած մահացած տղամարդու ինքնությունը, նա ՀՀ քաղաքացի է։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ–ալիքը։

«Գողական հաշվեհարդարի» զոհ դարձած հայկական օդանավի պատմությունը. ինչո՞ւ դա եղավ

Աղբյուրի տվյալներով` տղամարդուն Իսպանիայից Հայաստան էին արտաքսել։ Մոսկվայում ինքնաթիռը փոխելիս նա փախուստի է դիմել։

«Նա «Շերեմետևո» էր ժամանել Մադրիդից Մոսկվայի ժամանակով ժամը 18:00–ին։ Մոսկվայում նա պետք է փոխեր ինքնաթիռը և մեկներ Երևան, սակայն փախել է չվերթից և հայտնվել թռիչքուղու վրա», – գրում է Mash–ը։

Հայտնում են նաև, որ Մոսկվայի ճանապարհին ինքնաթիռում տղամարդն իրեն ադեկվատ չի դրսևորել. կռիվ է սկսել և հարվածել բորտ–ուղեկցորդին։

Նոյեմբերի 20-ին, Աթենք թռչող Boeing 737–ի անձնակազմը դիսպետչերին հայտնել է կենդանու հետ բախման մասին։ Քանի որ համակարգը վնասվածքների մասին տեղեկություն չի հաղորդել, ինքնաթիռը չի վերադարձել օդանավակայան։ Ավելի ուշ, ԶԼՄ–ների տվյալներով, տարածքի զննության ժամանակ հայտնաբերվել է տղամարդու դին և նրա անձնական իրերը։

Ռուսաստանի ՔԿ–ն քրեական գործ է հարուցել։