Վաղվանից Հայաստանում շրջանառության մեջ կդրվեն 10 հազար, 20 հազար և 50 հազար դրամանոց թղթադրամներ, իսկ դեկտեմբերի 25-ից` 1000, 2000 և 5000 դրամանոցները:
Նոր թղթադրամները նախկինից ամուր կլինեն, քանի որ ներսից թղթից են, դրսից`պատված պոլիէսթերի թելերով։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ԿԲ աշխատակազմի ղեկավար Դավիթ Նահապետյանը` հավելելով, որ դրա շնորհիվ այս նոր թղթադրամների կյանքը շուրջ 3 անգամ ավելի երկար կլինի։
«Մեծ պահանջարկ կա 1000 և 5000 անվանական թղթադրամների հետ մեկտեղ ունենալ միջանկյալ արժեքով թղթադրամներ։ 2000 դրամանոցի բացակայության պատճառով 1000 և 5000 դրամանոցներն ավելի արագ էին մաշվում»,– ասել է Նահապետյանը։
Նոր թղթադրամները պատրաստվել են Գերմանիայի Gieseke դրամահատարանում։ Սա այն դրամահատարաններից է, որը եվրո թողարկելու իրավունք ունի։