Անգամ տղամարդիկ են լալիս. Երևանում հրաժեշտ են տալիս 23-ամյա արտիստին. լուսանկարներ

Վթարից երկու շաբաթ հետո մահացած Վահագնին հրաժեշտ տալու համար մարդիկ Օպերայի բակ են գնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակը բազմամարդ է. հարյուրավոր մարդիկ գալիս են բալետի արտիստ Վահագն Մարգարյանին հրաժեշտ տալու։

23 տարեկան Վահագնը մահացավ երեկ` նոյեմբերի 21-ին, վթարից երկու շաբաթ անց։

Անգամ տղամարդիկ են լալիս. Երևանում հրաժեշտ են տալիս 23-ամյա արտիստին. լուսանկարներ

Մարդիկ ծաղիկներ ու մոմեր են դնում նրա նկարի մոտ։ Բոլորի դեմքին ցավ կա ու ափսոսանք։

«Նա կյանքով էր լցված, սիրում էր կյանքը, շատ շուտ հեռացավ»,– Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Վահագնի մտերմներից մեկը և չկարողացավ շարունակել խոսքը. արցունքները խեղդեցին։

Նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում ավտովթար էր տեղի ունեցել։ Վահագն Մարգարյանը եղել էր տաքսու մեջ։

Անգամ տղամարդիկ են լալիս. Երևանում հրաժեշտ են տալիս 23-ամյա արտիստին. լուսանկարներ

Երիտասարդը վթարի հետևանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել ստոծանին, հեռացվել էր փայծաղը:

Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նոյեմբերի 13-ի երեկոյան՝ հարազատների նախաձեռնությամբ: Մինչ այդ նա «Արմենիա» բժշկական կենտրոնում էր:

Վահագն Մարգարյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: 8 տարի հաճախել է ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոց, որից հետո տեղափոխվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարան` ուսումը շարունակելով նախ հայկական ժողովրդական, ապա` դասական բաժիններում:

Ցավալի լուր. բալետի արտիստ Վահագն Մարգարյանը մահացավ

Ուսման տարիներին պարել է տարբեր ներկայացումներում: Ավարտական կուրսում մասնակցել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» միջազգային պարի մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2013թ. ավարտել է պարարվեստի պետական ուսումնարանը և ընդունվել աշխատանքի Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ:

Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պադեդե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե) և այլն: 2015թ. Չեչնիայում մասնակցել է Մախմուդ Էսեմբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին: