«Սև ուրբաթի» սև կողմը. զգուշացեք Facebook–ի էժան վաճառքի հայտարարություններից

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս պաշտպանվել «Սև ուրբաթի» սև առաջարկներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. «Սև ուրբաթի» և մեծ զեղչերի մոտենալուն զուգընթաց ակտիվացել են նաև կիբեռհանցագործները։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին զգուշացնում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ստեղծվում է կեղծ կայք, որը նմանակում է հայտնի բրենդները, ֆեյսբուքով գովազդվում է, առաջարկվում են աննման զեղչեր, Դուք խաբվում եք, գնում եք կատարում, լավագույն դեպքում կորցնում եք գնումի գումարը։ Վատագույն դեպքում քարտից էլի գումար են տանում» ,– գրում է Մարտիրոսյանը

Փորձագետը նաև ներկայացնում է նման խաբեություններից պաշտպանվելու իր տարբերակը։

Նրա խոսքով` գայթակղիչ առաջարկներով տարվելուց առաջ նախ պետք է ուշադրություն դարձնել կայքում նշված հասցեին ու փորձել որոնման համակարգի միջոցով գտնել տվյալ ապրանքանիշի իրական հասցեն։

Իսկ եթե առաջարկը բրենդային խանութ չէ, այլ պարզապես շատ էժան ապրանք է առաջարկում, ապա կայքը պետք է ստուգել Scamadviser համակարգի միջոցով։

«Հին, վատ կայքերի դեպքում դուք ստանում եք զգուշացում, որ չօգտվեք դրանից։ Բայց հիմա հիմնականում կայքեր են, որոնք չեն հասցրել ուսումնասիրել մասնագետները։ Այդ դեպքում ձեզ պետք է մտահոգի կայքի թարմությունը։ Այս պահին այդ ծուղակային կայքերի կյանքի տևողությունը մաքսիմում երկու-երեք շաբաթ է։ Եթե տեսնում եք, որ լրիվ նոր կայք է, հաստատ անցնում եք կողքով»,– խորհուրդ է տալիս Մարտիրոսյանը։

«Սև ուրբաթն» առաջին անգամ հայտարարվել է 1966 թվականին ԱՄՆ-ում Ծննդյան տոներից առաջ։ Այսօր արդեն աշխարհի գրեթե բոլոր երկրները «սև ուրբաթ» են կազմակերպում։