Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են «կարգավորել» գազի սակագինը

Ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։ Այդ թվում` քննարկվում են ռուսական կողմի օգնության վերադարձը, «տաք» գազի հավելագինն ու այլ գործոններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Գազի սակագնի թեմայով բանակցությունները Ռուսաստանի հետ շարունակվում են։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

Հայկական կողմը աշխատանքային խումբ է ստեղծել, որի կազմում ընդգրկվել են էներգետիկայի նախարարը, վարչապետի գլխավոր խորհրդականը և այլ պաշտոնատար անձինք։

Էլեկտրաէներգիայի գինը հնարավոր է նվազեցնել 3 դրամով. ինչպե՞ս

Այժմ ռուսական կողմի հետ քննարկվում է գազի գնագոյացումը և սակագինը նվազեցնելու հնարավորությունները։ Այսպես, օրինակ` գազի սակագնի վերջնական 5%–ը այն գումարն է, որը պետք է վերադարձնել «Գազպրոմին»։ 2015 թվականին ռուսական կողմը նվազեցրել է սակագինը 189–ից իջեցնելով 165 դոլար (հայկական դրամի անկումը փոխհատուցելու համար)։ Սակայն այդ գումարը պետք է վերադարձվի սակագնի միջոցով։

Բացի այդ, ռուսական կողմը տարանցման պայմանների վերաբերյալ բանակցում է վրաց գործընկերների հետ (այսօր վրացական կողմը տարանցման համար 10% հավելագնի է վերցնում)։

«Դա ռուս–վրացական բանակցություններ են, մենք դրանց չենք մասնակցում։ Սակայն մեզ համար կարևոր է սակագինն իջեցնելու ցանկացած հնարավորություն», – նկատեց Բաղրամյանը։

Բացի այդ, 2019 թվականից պետք է ուժի մեջ մտնի գազի հավելագին վճարելու մասին դրույթը, եթե նրա էներգետիկ արժեքը նորմայից բարձր է։ Նորման հազար խմ–ի դիմաց 7900 կկալ է կազմում, Հայաստան գազը ստացվում է 8200 կկալ և ավելի, ինչի համար պայմանագրի համաձայն պետք է լրացուցիչ հավելագին վճարել, սակայն ժամանակավոր (մինչև 2018 թվականի վերջ) այն չի կիրառվում։ Այդ հարցը նույնպես քննարկման թեմա է դարձել բանակցություններին։

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում հազար խմ–ի դիմաց 150 դոլարով, սակայն մի շարք գործոնների պատճառով Հայաստանում տնային տնտեսությունները ստանում են այն 290 դոլարով։ Այդ գնի մեջ է մտնում գազատրանսպորտային համակարգի սպասարկումը, ռուսական կողմին օգնության վերադարձը (որի մասին նշեցինք), ինչպես նաև գազի ԱԱՀ–ն և «Գազպրոմ Արմենիայի» շահույթը։