Նիկոլ Փաշինյանը գործարարներին կոչ արեց հեղափոխություն սկսել

Գործարարների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատարը խոսել է տնտեսական հեղափոխության անհրաժեշտության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Քաղաքական հեղափոխությունը պետք է զուգորդվի տնտեսական հեղափոխությամբ։ Այսօր գործարարների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ ՀՀ իշխանությունը մեծ հույսեր է կապում գործարարների հետ։

ԵԱՏՄ–ն խստացնում է կանոնները. Հայաստանում հարվածն առաջինը կզգա մանր բիզնեսը. տնտեսագետ

«Հայաստանում սեփականության վերաբաշխում չի լինելու, Հայաստանում սեփականության իրավունքը երաշխավորված է, ներդրումների անվտանգությունը երաշխավորված է։ Եվ մենք հույս ունենք, որ քաղաքական գործընթացները մեր գործարարներին կքաջալերեն նորանոր ներդրումներ անել, որովհետև իսկապես ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հեղափոխության դեպքում մեր ամենաաշխատող բանաձևը ներառումն է, մասնակցությունը, յուրաքանչյուր քաղաքացու, գործարարի շահագրգռվածությունը այդ հեղափոխությունն իրականացնելու»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նաև նշեց, որ երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, թե հանուն փոքր բիզնեսի պայքարելով` կառավարությունը փորձում է այնպես անել, որ այն հավերժ մնա փոքր, իսկ խոշոր բիզնեսն էլ` փոքրանա։

«Դա այդպես չէ։ Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը պետք է փոքրանա, այլ փոքրը դառնա միջին, միջինը՝ խոշոր»,– ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ բիզնեսը պետք է դառնա 21-րդ դարի չափանիշներին համապատասխանող, մարտահրավերներին համարժեք արձագանքող ոլորտ։