ՀՀ նախագահը կվերադառնա Բաղրամյան 26, վարչապետը` Հանրապետության հրապարակ

Ազգային ժողովը դեմ չէ, որ ՀՀ նախագահը վերադառնա Բաղրամյան 26։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովն առանց դեմ ձայների այսօր առաջին ընթերցմամբ հաստատեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։ Դրանց համաձայն` Հայաստանի նախագահի նստավայրը Երևանի Մաշտոցի 47 հասցեից դարձյալ կտեղափոխվի Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ` Կառավարական տուն 1:

«Կարևոր չէ` որտեղ կաշխատեմ». Արմեն Սարգսյանը` նախագահի նստավայրի մասին

«Ստացվեց այնպես, որ հանրապետության վարչապետն ունեցավ 2 նստավայր` Բաղրամյան 26–ը և Հանրապետության 1–ը։ Կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ, գտնում է, որ վարչապետը կառավարության գործունեությունը և կառավարության անդամների աշխատանքի համակարգումը կարող է իրականացնել 1 նստավայրի միջոցով»,– օրենքի նախագիծը ներկայացնելիս` ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Դավթյանը։

Նա նաև նշեց, որ 1951թ.–ին կառուցված պատմական նշանակություն ունեցող Բաղրամյան 26 հասցեի շենքը պետք է վերադարձնել Հանրապետության նախագահին։

Հիշեցնենք` օրենքում նախկին փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս` 2017թ–ի դեկտեմբերին, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասել էր, որ Սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետին անհրաժեշտ է լինելու 2 նստավայր` Բաղրամյան 26-ում և Կառավարության շենքում։

«Վարչապետի լիազորություններն այն աստիճան են ընդլայնված, որ գործող նախագահի մի շարք լիազորություններ իրականացնելու է վարչապետը»,– ասել էր նա։

Այս փոփոխություններից բացի օրենքով հաստատվել էին նաև վարչապետին վերաբերող այլ փոփոխություններ, որոնց համաձայն նրան Երևանում հատկացվել էր ծառայողական առանձնատուն, պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ: Վարչապետին հատկացվել էր նաև 600 հոգանոց աշխատակազմ և պահուստային ֆոնդ՝ տարեկան մինչև 150 միլիոն դրամով։