Մահվան դեպք Երևան-Երասխ ճանապարհին. տղամարդը վրաերթի զոհ է դարձել

42 տարեկան տղամարդն անցել է երկաթե արգելապատնեշի վրայով և հայտնվել ավտոմեքենայի տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, դժբախտ դեպք է գրանցվել։ Shamshyan.com կայքը հայտնում է, որ նոյեմբերի 19-ին, ժամը 17։50-ի սահմանում Երևանի բնակիչ, 41-ամյա Դավիթ Մուրադյանը Volkswagen Caddy ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մարմարաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Ֆայզո Խուդոյանին։

Վարորդը չի փախել, զանգել է հիվանդանոց և օգնել է տղամարդուն տեղափոխել հիվանդանոց։ Սակայն Խուդոյանը ժամեր անց մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Դ. Մուրադյանն աշխատում է «Մոբայլ Սենթր» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ, իսկ վրաերթի ենթարկվածը փողոցն անցել է ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշների վրայով, իսկ ճանապարհին էլ միացված չեն եղել արտաքին լուսավորության լույսերը։ Անգամ բժիշկները, իսկ հետո արդեն դեպքի վայր ժամանած ոստիկաններն աշխատանքները կատարել են մութ ժամանակ։