Գորիսի քաղաքապետի գործը փակվել է. «Ժողովուրդ»

Ոստիկանությունը մերժել է Գորիսի քաղաքապետի նկատմամբ քրեական գործի հարուցումը։ Հանցադեպ չի գտնվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծի ենթարկելու գործը փակվել է: Հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` վկայակոչելով Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնած տեղեկությունները, որոնց համաձայն քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:

Առուշանյան. «Երբ հրաժարվեմ, կտեղեկացնեմ»

«Գրել էինք, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հոկտեմբերի 18-ին ավագանու անդամների ներկայությամբ ծեծել էր ավագանու անդամ Լյովա Արզանյանին. միջադեպին նախորդել է վիճաբանություն Ներքին Խնձորեսկի խնդիրների, ինչպես և համայնքում վաճառված հողերի շուրջ»,– գրում է թերթը:

Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին Առուշանյանը լրագրողների հետ զրույցում չէր հերքել, որ հրավիրվել է ոստիկանություն` հարցաքննության, բայց հերքել էր, որ ծեծել է ավագանու անդամին։

«Այո՛, հարցաքննվել եմ, բայց նման բան չի եղել։ Նման հարց ինձ ուղղել են, բայց չկա նման բան, ես էլ ոստիկանությանը ներկայացրել եմ»,– ասել էր նա։

Հիշեցնենք` մամուլում առկա տեղեկությունների համաձայն` Գորիսի ավագանու նիստի ժամանակ վեճ է ծագել այն բանից հետո, երբ ավագանու անդամը քաղաքապետին հիշեցրել է մանկապարտեզների բուժքույրերի դրույքը կեսից մեկ դրույք դարձնելու նախընտրական խոստման մասին։ Թեժ վիճաբանության ժամանակ քաղաքապետն ավագանու անդամին դուրս է հրավիրել նիստերի դահլիճից ու հարվածներ հասցրել դեմքին:

Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել 2017 թվականի սեպտեմբերի 14-ին` վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ։ 2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է համայնքի ղեկավար։ 2016թ.-ից ՀՀԿ անդամ է: