«Թունդ է, բայց թարմացնում է». ապշած ֆրանսիացիները կօգնեն ճանաչելի դարձնել հայկական գինին

Հայկական գինին կարող է համաշխարհային ապրանքանիշների արժանի մրցակից դառնալ և նվաճել մոլորակը։ Այդ հարցում հայ արտադրողներին կօգնեն ֆրանսիացի փորձագետները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Հայկական գինին ֆրանսիացի փորձագետներին հմայել է իր թարմացնող հատկությամբ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանատան` գյուղատնտեսական հարցերով խորհրդական Ալեքսանդր Մարտինեզը։

Գինի ու քամանչայի թանգարան․ Աշտարակում գտել են գաստրոնոմիական մայրաքաղաք դառնալու բանալին

Մարտինեզը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի, գինեգործության ոլորտում ֆրանսիացի փորձագետների և հայ գինեգործների հետ մասնակցել է Երևանում կազմակերպված աշխատանքային սեմինարին։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է հայկական գինու պատմությունը, քննարկվել աշխարհագրական նշումով գինիների համակարգ ստեղծելու ծրագիրը։

«Մի քանի օր առաջ համտեսել եմ ձեր գինին։ Ինձ հատկապես դուր եկավ սպիտակ գինիների որակը։ Վարդագույնն իմը չէ», – ասաց Մարտինեզը։

Նրա խոսքով` հայկական գինին մի կողմից թունդ է, մյուս կողմից` թարմացնող, և դա հիանալի է։ Նա նաև նշեց, որ Հայաստանում բոլոր հնարավորությունները կան գինու սեփական ապրանքանիշը տարածելու համար, բայց առանց կառավարության աջակցության հայ արտադրողները չեն կարողանա լուծել այդ խնդիրը։

«Իշխանությունը նույնպես պետք է հետևի գինիների որակին, քանի որ դա ազդում է տեղանքի հեղինակության վրա, որտեղ արտադրվում է այդ խմիչքը», – ասաց Մարտինեզը։

Նա վստահ է, որ Հայաստանն ու Ֆրանսիան ներուժ ունեն գյուղատնտեսության ոլորտում համատեղ նախագծեր իրագործելու համար, առավել ևս, որ երկու երկրներում էլ կան աշխատանքի նման մոդելներ։ Ֆրանսիայում մեծ ուշադրություն են դարձնում «ընտանեկան ֆերմաներին», նույնը երևում է Հայաստանում։ Ուստի երկու երկրները կարող են համատեղ նախագծեր նախաձեռնել, փոխանակել իրենց փորձը` բարելավելով ոլորտը։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը վստահ է, որ հայկական գինին լավն է, և երկիրը մեծ ապագա ունի ապրանքանիշը ճիշտ գովազդելու դեպքում։

«Թունդ է, բայց թարմացնում է». ապշած ֆրանսիացիները կօգնեն ճանաչելի դարձնել հայկական գինին

«Մենք հավատում ենք, որ Հայաստանը մեծ ներուժ ունի ոչ միայն գինու արտադրության ոլորտում, այլ նաև այլ մթերքների։ Ֆրանսիայից Հայաստան եկած մասնագետներն ուզում են օգնել Հայաստանին աշխարհում ազգային ապրանքանիշները տարածելու գործում», – լրագրողների հետ զրույցում ասաց Լաքոտը։

Ընդհանուր առմամբ Հայաստանում կան գինու արտադրության 42 ընկերություններ, ինչպես նաև հինգ գինեգործական շրջաններ, որոնց շարքում առավել հայտնի է Վայոց Ձորը։ Հենց այստեղ 2007թ–ին Արենի գյուղի մոտ գտնվող քարանձավների պեղումների արդյունքում հայտնաբերվեցին գինեգործության մասին վկայող մի քանի մշակութային շերտեր, որոնցից ամենահինը թվագրվում է մ.թ.ա. IV-V դարերով։ Այդ գտածոն թույլ է տալիս ասել, որ Հայաստանը կարելի է գինեգործության օրրան համարել։

«Թունդ է, բայց թարմացնում է». ապշած ֆրանսիացիները կօգնեն ճանաչելի դարձնել հայկական գինին

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդնումն ու դրա լիիրավ կիրարկումը մեզ հնարավորություն կտան խթանել որակյալ գինիների արտադրությունը և ունենալ միջազգային շուկայում ճանաչելի գինիներ։

«Ֆրանսիացի փորձագետները կօգնեն մեզ մշակել աշխարհագրական նշումով գինիների համակարգ։ Դա Հայաստանի համար նոր ուղղություն է, որը վաղուց կա Եվրոպայի երկրներում», – ասաց Մուրադյանը։

Նրա խոսքով` դա կօգնի նաև հայտնի դարձնել գինին, սակայն ծրագիրը մշակումից հետո պետք է ներկայացվի Հայաստանի կառավարության քննարկմանը։

Հիշեցնենք, որ գինեգործությունը կարևոր դեր է խաղացել Հին Հայաստանում։ Այդ մասին վկայում են նաև ասորական աղբյուրները։ Հայկական գինեգործության մասին գրել են նաև պատմաբաններ Հերոդոտոսը, Ստրաբոնը և Քսենոֆոնը։