Վարչապետի առաջարկով նախագահը նոր դեսպան նշանակեց

Կարեն Գրիգորյանը նշանակվել `Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանն արդեն նոր ներկայացուցիչ ունի։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահը հրամանագիր է ստորագրել Արմեն Մելքոնյանին հետ կանչելու և Եգիպտոսում Կարեն Գրիգորյանին դեսպան նշանակելու մասին։

Նիկոլ Փաշինյանի առաջարկով ևս մեկ դեսպան հետ կանչվեց պաշտոնից

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արմեն Մելքոնյանին հետ կանչել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում, Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայում, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,–ասված է նախագահի հրամանագրում։

Մեկ այլ հրամանագրով Արմեն Սարգսյանը Արմեն Մելքոնյանին հետ է կանչել Արաբական պետությունների լիգայում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Կարեն Գրիգորյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»,–ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 20–ին հետ էր կանչվել Թուրքմենստանում և Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանը։ Այդ երկրներում նրան կփոխարինի Գառնիկ Բադալյանը։