Արմեն Սարգսյանը պե՞տք է միջամտի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է որոշ լրատվամիջոցների հրապարակումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում կարծիքներ են հնչում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջամտության անհրաժեշտության մասին: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել։

«Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ու գործառույթների շրջանակում։ Նույն փաստաթղթով արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը»,– նշված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ անհրաժեշտության դեպքում նախագահ Արմեն Սարգսյանն օգտագործում է իր փորձը և անձնական կապերն արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելու համար: Իսկ այդ անհրաժեշտությունը ձևավորվում է նախագահի և վարչապետի միջև քննարկումների միջոցով:

Փաշինյանը գործարքի չի գնա. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը` օդից կախ

Հիշեցնենք, որ Մարտի 1–ի գործով Հայաստանում հարուցված քրեական գործի հետևանքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հեռացվել էր պաշտոնից: Նոր գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ որոշումը կայացվելու է ավելի ուշ՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ: Իսկ Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, և, իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել։ Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից։ Նա շեշտել էր, որ որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, որն առայժմ չկա:

Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձը չի կարևորում. ավելի խորքային հարցեր կան

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Նա ասել էր, որ երևի Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություններ ունի։

Գլազն ավելացրել էր նաև․ «Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս, հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»։