Անկարան, Բաքուն ու Թբիլիսին ուժեղացնում են պաշտպանական ոլորտի կապերը

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Բաքվում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի ու Վրաստանի Գլխավոր շտաբների պետերի` Յաշար Գյուլերի ու Վլադիմիր Չաչիբայի եռակողմ հանդիպումը։

Ինչպես հայտնում է Anadolu–ն, սկզբում բաց, հետո փակ քննարկումների արդյունքում արձանագրություն է ստորագրվել։

Հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ Յաշար Գյուլերը կարևորել է անվտանգության ապահովումը տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում։

Նրա խոսքով` Բաքվում կայացած հանդիպման ժամանակ խոսել են տարածաշրջանային գործընթացների մասին։

«Երեք բարեկամական ու եղբայրական պետությունների տեսակետները նման են։ Անկարան, Բաքուն ու Թբիլիսին համամիտ են, որ պետք է համագործակցել, հակամարտությունները խաղաղ ճանապարհներով լուծել ու պաշտպանել տարածքային ամբողջականությունը», – նշել է Գյուլերը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ այսօրվա քննարկումների մասնակիցները վերլուծել են տարածաշրջանի ռազմական ու քաղաքական իրավիճակը։

Զաքիր Հասանովն ընդգծել է, որ երեք եղբայրական պետությունների կապերը ռազմավարական փոխներգործության բնույթ են կրում։

«Հանդիպման հիմնական նպատակը տարածարշջանում խաղաղության ու կայունության հաստատումն է, ռազմավարական կարևորություն ունեցող էներգետիկ նախագծերի անվտանգության ապահովումը։ Հաստատվել է 2019 թվականի գործունեության ծրագիրը– ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը։