ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Գյանջայի (Գանձակ) դատարանում երեկ կայացել է Ադրբեջանի կողմից որպես դիվերսանտ որակված հայ գերի Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը:
Ինչպես փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, նիստի ընթացքում որպես տուժող է հանդես եկել Խադիև Նազիմ Թեյմուր Օղլուն, որը հայտարարել է, որ ծանոթ չէ մեղադրյալի հետ, չի շփվել նրա հետ, պարզապես լսել է, որ իրեն պատկանող շուկայի տարածքում Կարեն Ղազարյանը պատրաստվել է պայթյուն իրականացնել:
«Այս պահին, ըստ «վկայի», այդ տարածքում գործում է 44 տաղավար, շուկան բաց է ամեն օր 05:00-18:00-ն, այնտեղ աշխատում է 250 վաճառող: Թեյմուր օղլուի պատմելով` շուկան օրական այցելում է ավելի քան 1000 գնորդ և եթե Կարեն Ղազարյանը իրականացներ պայթյունը, հսկայական վնասից բացի նաև հարյուրավոր մարդիկ կզոհվեին: Վերջում իբրև թե որպես վկա հանդես եկած անձը խնդրել է հնարավորինս խիստ պատժել «հանցագործին» ու հավելել, որ հայերը շատ լավ գիտեն այդ շուկայի ելումուտը, քանի որ սովետական տարիներին եղել են այնտեղ»,– հայտնում է «Հայկական ժամանակը»։
Վկային լսելուց հետո դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 27-ը։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը այս տարվա հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաև 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:
Կարեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել կյանքի ու առողջության, տնտեսական գործունեության դեմ հանցագործությունների, պետության սահմանադրական կարգի ու անվտանգության խախտման և հասարակական անվտանգության խաթարման հոդվածներով: