Մահացել է օպերատոր Արթուր Ապրեսովը

Հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը մահացել է Մոսկվայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Անցած գիշեր Մոսկվայում սրտի կաթվածից մահացել է հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին նրա ընկերները։

Ցավալի լուր. բալետի արտիստ Վահագն Մարգարյանը մահացավ

Ապրեսովը 46 տարեկան էր։ Մոսկվայում հեռուստալրագրող Ռոման Բաբայանի հետ աշխատում էր 2008թ–ի մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքներին։

Ապրեսովը ծնվել է Բաքվում, որտեղից 1988–ին ընտանիքով եկել էր Երևան`փրկվելով ջարդերից։ Աշխատանքի անցնելով Ա1+ հեռուստաընկերությունում` 1992թ–ին նա գործուղվել էր Ղարաբաղ ու այնտեղ մնացել մինչև պատերազմի ավարտը` վավերագրելով ազատագրական պայքարի ընթացքը։

«Վտանգ չկար, չէի զգում։ Ինձ համար շատ հետաքրքիր էր։ Տղերքը կռվում էին, ես պիտի նկարեի հնարավորինս լավ ու պատկերավոր։ Տեսախցիկս առա ու վազեցի առաջ: Մեր տղերքը կռվելով գնում էին, ես վազքով առաջ անցա նրանցից, որպեսզի ամեն ինչ դիմացից նկարեմ։ Հասա բարձունքի տակ, շրջվեցի ու սկսեցի նկարել մերոնց հարձակումը»,– հարցազրույցներից մեկում ասել է Ապրեսովը։

Որպես ռազմական լրագրող` Արթուր Ապրեսովը մասնակցել է «Մի վախեցիր» ֆիլմի ռազմական տեսարանների նկարահանումներին։

Sputnik Արմենիայի խմբագրակազմը ցավակցում է Ապրեսովի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին։