Ինչի՞ մասին է գրել Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանքն ու ազատությունը» գրքում. «Հրապարակ»

Թերթը զրուցել է Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հետ և պարզել, թե ինչի մասին է ՀՀ երկրորդ նախագահի գիրքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքը շուտով լույս կտեսնի: Սկզբում Մոսկվայում կհրատարակվի գրքի ռուսերեն տարբերակը, քանի որ Քոչարյանը ռուսերեն է գրել, ապա կթարգմանվի հայերեն, արդեն թարգմանիչներն աշխատում են: Գիրքն ինքնակենսագրական է և կոչվում է «Կյանք և ազատություն»: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պարբերականին հայտնել է, որ գրքում Քոչարյանի կյանքն է՝ մանկությունից մինչև մեր օրերը, և ներառում է բավականին հետաքրքիր պատմություններ, որոնց մի մասն ընդհանրապես հանրությանը հայտնի չէ, օրինակ՝ մանկությունից որոշ դրվագներ, ծնողների, եղբոր հետ կապված որոշ փաստեր, իր տոհմի վերաբերյալ պատմություններ: Գրքում ներկայացված են նաև Քոչարյանի բանակային կյանքը, ծառայության տարիները, արցախյան ազատագրական պայքարը:

«Մանրամասներ կան նաև հայտնի իրադարձությունների մասին, օրինակ՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին, իր և Կարեն Դեմիրճյանի մտերիմ հարաբերությունների մասին, Սերժ Սարգսյանի մասին: Առհասարակ, գրքում արծարծված են նորանկախ Հայաստանի գրեթե բոլոր նշանավոր դերակատարները»:

ԽՍՀՄ փլուզումը սկսվեց Ղարաբաղից. ո՞վ էր հավատում վերակառուցմանը. Քոչարյանի հարցազրույցը

Սողոմոնյանը վստահ է, որ գրքում կան այնպիսի ճշմարտություններ, որոնք շատերին դուր չեն գա: Իր կյանքի և ազատության մասին պատմող գրքում Քոչարյանն անդրադարձել է նաև իր կարճաժամկետ անազատությանը՝ երկշաբաթյա կալանքին, որից ազատվեց օգոստոսի 13-ին: Բանտում գտնվելու օրերին գիրքը համարյա պատրաստ է եղել: Բայց քանի որ սա ևս մի նոր դրվագ էր նրա կյանքում, գրքի հեղինակն ավելացրել է նաև իր՝ անազատության մեջ գտնվելու հատվածը:

Թերթը նշում է, որ Գիրքը ծավալուն է՝ մոտ 500 էջ։