Էլեկտրաէներգիայի գինը հնարավոր է նվազեցնել 3 դրամով. ինչպե՞ս

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը քննած ԱԺ հանձնաժողովը հաշվարկել է` որքանով կարելի է նվազեցնել գազի և էլեկտրաէներգիայի սակագները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. 2019թ.–ի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է իջեցնել 3 դրամով: Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննող ԱԺ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։

«Մենք զանգեր ենք ստանում Ռուսաստանից». «Գազպրոմ Արմենիայի» գործարքին վտանգ է սպառնում

Նրա խոսքով` հանձնաժողովը հաշվարկել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը յուրաքանչյուր 1 դրամով իջեցնելու համար անհրաժեշտ է 5.5 մլրդ դրամի ներդրում` համակարգի արդիականացման ու կորուստների նվազեցման համար։ Ընդ որում` այդ գումարները, ըստ Մելքումյանի, հարկ է փնտրել ոչ միայն ՀԷՑ-ում, այլև բոլոր արտադրող կայաններում, այդ թվում` ՋԷԿ–ում ու Ատոմակայանում։ Նրա խոսքով` պետք է իջեցվի ՀԷՑ-ի շահութաբերությունը: Ներկայում ՀԷՑ-ի շահութաբերությունը կազմում է 14 տոկոս, այն պետք է իջեցվի 12 տոկոսի:

«Էլեկտրաէներգիայի սակագնի մեջ դրված է 11.03 տոկոս կորուստ, բայց փաստացի 9.5 տոկոս կորուստ ունենք: Եվ այդ կորուստները 2020-ին պետք է իջնեն մինչ 7.4 տոկոսի: Մենք առաջարկում ենք 2019-ին կորուստները նվազեցնելով հասցնել 7.5 տոկոսի: Կորուստների ավելի արագ նվազեցումն էլ կարտահայտվի էլեկտրաէներգիայի սակագնի մեջ»,-նշեց նա:

Ո՞ւր են անհետացել միլիոնների արժողությամբ ջրաչափերը. ինչու են պատասխան պահանջում ՀԷԿ-երից

Ինչ վերաբերում է գազին, գազամատակարարման համակարգում տեխնոլոգիական կորուստները կազմում են սակագնի 6.69 տոկոսը, գազաբաշխման համակարգում` 2 տոկոսը, իսկ մայրուղային համակարգում՝ 4.3։ Հանձնաժողովի հաշվարկով, այստեղ 1 տոկոս կորուստը համարժեք է 20 մլն խորանարդ մետր գազի, ինչը, շատ բարձր ցուցանիշ է:

«Բնականաբար, «Գազպրոմը» ասում է՝ 30-50 տարվա մայրուղիներ են: Ես կարծում եմ, էստեղ ժամանակին չարած շատ խնդիրներ կան: Էստեղ պետք է լրջագույն պետական մոտեցում լինի․պետությունն էլ պետք է մտածի, թե ինչի հաշվին, ոնց մենք պետք է կարողանանք այդ կորուստները հասցնենք մինիմալի, ինչը սակագնի իջեցման ուղղակի հիմք կարող է հանդիսանալ: Մեկ դրամով իջեցնելու համար մեզ անհրաժեշտ կլինի շուրջ 2,5 միլիարդ: Եթե էներգետիկայում 5,5 միլիարդ է անհրաժեշտ, այստեղ` 2,5 միլիարդ»,– ասել է Մելքումյանը։

Իսկ թե կորուստների նվազեցման արդյունքում որքանով հնարավոր կլինի նվազեցնել գազի սակագինը, Մելքումյանը չի հրապարակել, փոխարենը հիշեցրել է, որ «Գազպրոմ Արմենիայի» տարեկան շահույթը կազմում է 8.9 մլրդ դրամ և հավաստիացրել, որ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է, թե ինչ նպատակով է ծախսվել այդ գումարը: