Տեղումները Հայաստան կվերադառնան ձյան տեսքով. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հայաստանյան գիշերները մի քանի աստիճանով կտաքանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում առաջիկա մեկ–երկու օրերին տեղումներ չեն գրանցվի։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 22-23-ը, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 23-24-ը լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 20-ին և 21-ին առանց տեղումների եղանակ կլինի, իսկ 22-ից 24-ն ընկած ժամանակահատվածում անձրև կտեղա:

Այսօր` նոյեմբերի 20-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 10-12 աստիճանի սահմանում, գիշերային ժամերին` -1-ից +1–ի սահմանում։