ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Ուզում եմ Նիկոլ Փաշինյանին բավական անկեղծ խոսակցության համար շնորհակալություն ասել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Բայց, շնորհակալություն հայտնելով հանդերձ, Աշոտյանն ընդգծեց, որ հանրապետականների հետ անկեղծ լինելով Փաշինյանն անկեղծ չէր ժողովրդի հետ։
««Լայվ» մտնելու ցանկություն առաջացավ ոչ այնքան Ձեր ասածի, որքան Ձեր խանդի տեսարանի պատճառով։ Ձեր ասածին կանդրադառնամ նաև ԱԺ–ում։ Դուք խանդ արտահայտեցիք իմ ընկերների հանդեպ, որոնք հանդգնել են «լայվ» մտնել: Ըստ Ձեզ՝ դա միայն Ձեր մենաշնորհն է։
Պարո՛ն վարչապետ, քիչ առաջ ասում էիք՝ բոլոր խոստումները կատարել եք, ասում էիք, որ արհեստական մենաշնորհներ եք վերացրել, Դուք չունեք մենաշնորհ «Ֆեյսբուքում» «լայվի» և մի՛ դիտարկեք Ձեզ մոնոպոլիստ, մի՛ խանդեք Արփինե Հովհաննիսյանին, Էդուարդ Շարմազանովին, Վիգեն Սարգսյանին, Արմեն Աշոտյանին»,– ասաց Արմեն Աշոտյանը։
Նա հիշեցրեց, որ երկար տարիներ վիրտուալ տիրույթում ամենաակտիվ քաղաքական գործիչը հենց ինքն է եղել։
Նշենք, որ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մամուլի ասուլիսում խոսելով ՊԵԿ-ի հայեցակարգի մասին, նշել է, որ ՀՀԿ-ականներն այդ թեմայով «լայվեր» էին անում: