«Սպիտակ» ֆիլմը Տորոնտոյի Pomegranate փառատոնին երկու մրցանակ է ստացել

«Սպիտակ» կինոժապավենը Տորոնտոյում Pomegranate փառատոնին միանգամից երկու մրցանակի արժանացավ` «Հանդիսատեսի համակրանք» և Գրան պրիի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. «Սպիտակ» ֆիլմը Գրան պրի և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ է ստացել Տորոնտոյում անցկացվող Pomegranate ամենամյա հայկական միջազգային կինոփառատոնին։ Այս մասին Facebook –ի իր էջում գրել է ֆիլմի սցենարիստ Մարինա Սոչինսկայան։

«Փառատոնն առաջին անգամ կայացել է 2006 թվականին Կանադայի Տորոնտո քաղաքում։ Այն կազմակերպել է «Համազգային հայ կրթական և մշակութային միությունը»։ Ավանդույթի համաձայն` փառատոնին կարող են մասնակցել ֆիլմեր, որոնք ստեղծվել են հայերի անմիջական մասնակցությամբ կամ հայկական թեմա են շոշափում։

Առանց հույզերի ողբերգություն. «Սպիտակ» ֆիլմը մրցանակ ստացավ մոսկովյան կինոփառատոնում

«Տորոնտոն մերն է։ «Սպիտակը» գրան պրի է ստացել, և որն ամենահաճելին է` հանդիսատեսի մրցանակը։ Այժմ կարևորը 12-ժամյա վերադարձի թռիչքին դիմանալն է, համբուրել Մոսկվայի հողը, իսկ հետո ինչ լինում է, լինի», – գրել է Սոչինսկայան` իր գրառման մեջ նշելով ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտին։

«Սպիտակ» ֆիլմը պատմում է Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Այն մի տղամարդու պատմություն է, որը լավագույն կյանքի փնտրտուքներով լքելում է Հայաստանը, ապա վերադառնում է երկրաշարժից հետո, որպեսզի գտնի իր տունն ու ընտանիքը։