Հայաստանը խուսափեց ինքնաոչնչացումից ու դառնալու է աշխարհի առաջընթացի կենտրոն. մասնագետ

Կենսատեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Խաչատուր Ասլանյանը յուրովի է մեկնաբանում թավշյա հեղափոխության նշանակությունն ու կանխատեսում` Հայաստանը կդառնա համաշխարհային առաջընթացի կենտրոնն ու սկզբնակետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. 2018թ.–ի սկզբում Հայաստանը գտնվում էր ինքնաոչնչացման գործընթացում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, թավշյա հեղափոխությունը մեկնաբանելով  կենսատեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկյունից, ասել է այդ ոլորտի մասնագետ Խաչատուր Ասլանյանը։

Առաջնագիծը պաշտպանող ոստիկանության զորքերի հերթական խումբն է մեկնել դիրքեր

«Հայաստանը հասել էր մի վիճակի, երբ արդեն գտնվում էր ինքնաոչնչացման գործընթացի մեջ։ Բոլորը դժգոհում էին` և՛ ունևորը, և չունևորը և բոլորը փորձում էին այդ վիճակից դուրս գալ` յուրաքանչյուրն իր ձևով։ Լավագույն ելքը համարվում էր Հայաստանից հեռանալը, որը ձևավորում էր արտագաղթ»,– ասել է նա։

Ինչ վերաբերում է թավշյա հեղափոխությանը, Խաչատուր Ասլանյանը կարծում է, որ անգամ դրա իրականացնողները չէին պատկերացնի, թե կհաջողվի կանգնեցնել ինքնաոչնչացման պրոցեսը։

«Իհարկե պրոցեսը կատարվել է հասարակության ուժերով, բայց եղել են նաև գործոններ, որ մենք չենք կարող ոչ անտեսել, ոչ էլ տեսանելի համարել,– ասում է Ասլանյանը,– մենք տեսանք, որ այդ ինքնաոչնչացման պրոցեսը հանկարծ վերածվեց համաժողովրդական տոնի»։

Մեր զրուցակիցը նաև հույս է հայտնում, որ նույն այդ գործոններն այսուհետ նպաստելու են նաև Հայաստանում վերականգնման գործընթացներին։

Ի դեպ, այն որ ինքնաոչնչացման գործընթացը արգելակվել է հատկապես Հայաստանում Խաչատուր Ասլանյանը պատահական չի համարում, քանի որ, նրա խոսքով, Հայաստանը, լինելով աշխարհի կենտրոն, չէր կարող ինքնաոչնչանալ։

Աֆղանստանցի ուսանողները կարող են սովորել Հայաստանում

«Հայաստանը, լինելով քրիստոնեական կենտրոն,  մարդկության բնօրրան, և տիեզերքի կետ, որը սկիզբ է տալիս բոլոր պրոցեսներին, չէր կարող ինքնաոչնչանալ, և մեր թավշյա հեղափոխությունը կանգնեցրեց ինքնաոչնչացումն ու, հույս ունեմ, մենք  հիմա կսկսենք վերելք, որը կտարածվի աշխարհով մեկ»,– ասաց նա։

Այս տեսակետից  Խաչատուր Ասլանյանը պատահական չի համարում ՀՀ նոր իշխանությունների հայտարարությունները` Հայաստանը տեղեկատվական կենտրոնի վերածելու վերաբերյալ։ Բայց նրա համոզմամբ, ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ  կենսատեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի, որտեղից սկսվելու է աշխարհի առաջընթացի նոր փուլը։

Նշենք, որ, Խաչատուր Ասլանյանի պարզաբանմամբ, կենսատեղեկատվական տեխնոլոգիան անձի, հասարակության ու բնության միջև պատճառահետևանքային կապն է։