«Ավելի վատ Հովիկ Աբրահամյանի համար». Դավիթ Սանասարյանը` անօրինական ոռոգման մասին

Աբրահամյանի այգիները շուրջ 15 տարի ոռոգվել են անօրինական ջրով, որի դիմաց գրեթե ոչ մի դրամ չի վճարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Եթե Հովիկ Աբրահամյանը չի իմացել իր ձեռնարկություններում տեղի ունեցող խախտումների մասին, ապա ավելի վատ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

Նա հիշեցրեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և եղբոր ընտանիքին պատկանող այգիների հետ կապված քրեական գործ է հարուցվել։

«Ապօրինի օգտվում էին ջրից, ըստ տվյալների՝ շուրջ 15 տարի է դա տեղի ունեցել: Քննությունը շարունակվում է, այդ մասին իրավապահները կտեղեկացնեն: Այլ չարաշահումներ ու յուրացումներ կան Արտաշատի ՋԸՕ-ում, ինչի մասին հավանաբար հինգշաբթի կխոսենք», – ասաց նա։

Հարցին, թե Աբրահամյանն իմացե՞լ է, որ իր այգիներում անօրինական գիծ է եղել, Սանասարյանը պատասխանեց. «Աբրահամյանը վարչապետ է եղել, Ազգային ժողովի խոսնակ, զբաղեցրել մի շարք այլ պաշտոններ, եթե նա չի իմացել, թե ինչ է տեղի ունենում, ապա ավելի վատ»։

Հովիկ Աբրահամյանի ջերմոցները տարիներ շարունակ ոռոգվել են գողացած ջրով. ՊՎԾ. տեսանյութ

Նրա խոսքով` վերջին ստուգումների արդյունքում բյուջե կվերադարձվի 1,2 միլիոն դոլար։

Պետական վերահսկողական ծառայությունը նոյեմբերի 5-ին հայտնել էր, որ «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ–ի ջերմոցները, որոնք պատկանում են Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, շուրջ 15 տարի ոռոգվել են անօրինական ջրով, որի դիմաց գրեթե ոչ մի դրամ չի վճարվել։ Բացահայտումն արել են ծառայության աշխատակիցները` ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրելով «Արտաշատի» ՋՕԸ սպասարկման տարածքում «Մխչյան» խողովակաշարը։

Այդտեղ հայտնաբերվել են 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: