Փաշինյանի գործընկերներն այժմ նրա մրցակիցներն են, ու դա նորմալ է. Զեյնալյան

Հարցին, թե արդյո՞ք ինքը կշարունակի պաշտոնավարել, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը պատասխանեց` ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Խորհրդարանական ընտրություններում բոլոր քաղաքական գործիչները մրցելու են, ու դա նորմալ է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

Իր` «Հանրապետություն» կուսակցությունը ընտրության է գնում «Մենք» դաշինքի կազմում, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ միասին։

Շուտով ընտրություններ են, և մենք ձեզանից խնդրելու ենք մանդատ. Փաշինյանը`մարտունեցիներին

Մրցակցության մեջ են լինելու ինչպես տարբեր կուսակցությունները, այնպես էլ քաղաքական գործիչները մեկ կուսակցության ներսում։ Նրանք առաջադրվում են տարբեր ընտրատարածքներում, աջակցում իրենց կուսակցություններին, սակայն մրցակցում են նաև միմյանց հետ` ԱԺ–ում մանդատ ստանալու համար։

Սակայն դա չի նշանակում, որ ընտրությունները պետք է ագրեսիվ լինեն։ «Իշխանություն» և «ընդդիմություն» բառերն այժմ այլ կերպ պետք է հնչեն։ «Ընդդիմադիր» և «թշնամական» բառերն այսուհետ հոմանիշներ չպետք է լինեն։

«Հակառակը, այս ընտրությունները պետք է ամենաազնիվը դառնան։ Որևէ կասկած չպետք է մնա ընտրության արդյունքների վերաբերյալ։ Դրանցից է կախված`արդյո՞ք ես կմնամ նախարարի պաշտոնում, թե՞ ոչ։ Սակայն, ինչպես ես արդեն ասացի` այս պայքարը պետք է ընկալել առանց թշնամանքի», – հայտարարեց Զեյնալյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները Հայաստանում տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրություններին Նիկոլ Փաշինյանն ու «Ելք» դաշինքի նրա նախկին գործընկերները կմասնակցեն տարբեր քաղաքական դաշինքների կազմում։