Ընտրությունները կանցնեն պաթետիկ, բայց ժողովրդավարական ուղիով. Ռուստամյան

ՀՅԴ-ն ընտրություններից հետո կոալիցիա չի կազմի: Այսօր ԱԺ-ում հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ընտրարշավը մեկնարկում է անհավասար պայմաններում: Այսօր, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյան. «ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակից օգտվելու է Ադրբեջանը»

«Արդեն որոշակի անհավասար պայմաններ կան այն առումով, որ ընտրությունները տեղի են ունենում պաթոսի մթնոլորտում: Բայց միջամտություններ, ճնշումներ, նման բաներ չկան ու չեմ էլ կարծում, որ լինեն: Ընտրություններն իսկապես տեղի կունենան արդար, առանց խախտումների, առանց նախորդ ընտրություններից հայտնի դրսևորումների»,- ասաց Ռուստամյանը:

Նա նաև վստահություն հայտնեց, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ առաջիկա ընտրությունները լինեն ժողովրդավարական:

Ինչ վերաբերում է հետընտրական պրոցեսներին, Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն որոշում է կայացրել այլևս մաս չկազմել այն կառավարություններին, որտեղ իրենց ձայնը վճռորոշ չի լինելու:

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ս.թ. դեկտեմբերի 9–ին։