«Խոպանչիներին» կհարկեն միայն մեկ անգամ. կառավարությունը պարզաբանում է աղմուկ հանած օրենքը

Փոխվարչապետի պաշտոնակատարը կառավարության նիստում մեկնաբանեց «Խոպանչիներին» հարկելու աղմուկ հանած նախագիծը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Առանց հանրային լայն քննարկման ու հանրային համաձայնության հարկային բեռի ավելացում չի լինելու։ Այսօր կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը`  նշելով, որ մամուլում լայն արձագանք է ստացել այսպես կոչված «խոպանչիներին» հարկելու մասին ՊԵԿ–ի օրենսդրական նախաձեռնությունը։

«Խոպանչիները» կպահեն ոչ միայն հարազատների՞ն. պատգամավորները համաձայն չեն

«Միայն հանրային լայն նախաձեռնության դեպքում կարող են այդպիսի նախաձեռնությունները կյանքի կոչվել»,– ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով կոնկրետ օրենսդրական նախաձեռնությանը` Արարատ Միրզոյանը նշեց, որ այն ճիշտ չի մեկնաբանվում։ Իրականում, ըստ նրա` խոսքը բոլոր քաղաքացիների բոլոր եկամուտների մասին է։

«Նույնիսկ, եթե կյանքի կոչվի այս գաղափարը, պետք է բացառվի որևէ եկամտի կրկնակի հարկումը։ Չի կարող պատահել, որ եթե ինչ-որ մեկն իր եկամտից ԱՄՆ–ում կամ ՌԴ–ում արդեն հարկ է վճարում, մի հատ էլ այդ գումարը փոխանցելուց հետո հարկվի Հայաստանում»,– պարզաբանեց փոխվարչապետի պաշտոնակատարը։

Հիշեցնենք` Պետեկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել մի գաղափար, որով 2020թ.-ից եկամտային հարկ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Քաղաքացիների բոլոր եկամուտները հաշվառվելու ու հարկվելու են ID քարտային համակարգի միջոցով: Այս նախաձեռնությունը վերաբերելու է նաև արտերկրից ստացվող գումարներին` մասնավոր տրանսֆերտները, որոնք ևս նախատեսվում է հարկել եկամտային հարկով` 2020թ.-ի հունվարի 1-ից: