ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Քաղաքական հեղափոխությունն ավարտել ենք և մնում է իրականացնել տնտեսական հեղափոխությունը։ Այս մասին այսօր Մարտունի քաղաքում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Մարտունին այսօր նշում է քաղաքի հիմնադրման 190 ամյակը։
«Առաջիկայում ընտրություններ են, և մենք ձեզանից խնդրելու ենք մանդատ։ Քաղաքական հեղափոխությունն արդեն արել ենք, հիմա մեզ պետք է ձեր վստահության քվեն՝ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Բայց որոշողը դուք եք, իշխանությունը ձերն է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` հեղափոխության առաջին փուլն ամբողջությամբ իրականացված է, քանի որ իշխանությունն այժմ Հայաստանում պատկանում է ժողովրդին։
«Ձեզ երաշխավորում եմ, որ որևէ մեկը չի կարող վարչական լծակով, որևէ ընտրակաշառքով, որևէ սպառնալիքով, որևէ թարս հայացքով ձեզ հարկադրել ընտրել որևէ մեկին։ Հայաստանում տեղի են ունենալու ազատ ընտրություններ։ Հուսով եմ` ընտրական «ասողների» ինստիտուտի ներկայացուցիչները գայթակղության չեն տրվի։ ՀՀ քաղաքացուն որևէ մեկը չի կարող ասել, թե նա ում ընտրի, որովհետև Հայաստանում ասողը ՀՀ քաղաքացին է», - հայտարարեց Փաշինյանը։
Նա հորդորեց բնակչությանը հետևել նախընտրական քարոզարշավին և ինքնուրույն որոշել՝ ում ընտրել։