«Այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ այլևս չեն լինելու». Փաշինյանի պատասխանը Մինսկին

Վարչապետի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ հայ ժողովուրդը և կառավարությունը կարող են պաշտպանել Հայաստանի շահերը, և սրա հետ պետք է բոլոր հաշվի նստեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի միջազգային բոլոր գործընկերները պետք է արձանագրեն մի բան՝ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին սովոր են տեսել, այդպիսի հարաբերություններ ՀՀ-ի հետ չեն լինելու, այսինքն՝ Հայաստանը համակերպվողի դերում չի լինելու։ Այսօր Գավառում համայնքապետների հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այնպիսի տպավորություն է, որ շատերն իներցիայով փորձ են անում մեզ վերաբերվել որպես փոքր երկրի, փոքր ժողովրդի, բայց պարզ ասում եմ՝ չի անցնելու, որովհետև հնարավոր է, որ մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց փոքր ժողովուրդ չենք։ Մենք հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մենք մշակույթի ժողովուրդ ենք, մենք գեներալի ժողովուրդ ենք»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Նա հավաստիացրեց ներկաներին, որ հայ ժողովուրդն ու կառավարությունն ի վիճակի են պահպանելու ու պաշտպանելու Հայաստանի շահերը։ Փաշինյանի խոսքով` Հայաստանի հետ պետք է բոլորը հաշվի նստեն, և նա խոստացավ, որ հենց այդպես էլ կլինի։

Սառնություն ՀԱՊԿ անդամների միջև. խնդիրներն «ավելորդ ականջների ու աչքերի» համար չեն

Հիշեցնենք` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ: Իսկ Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, և, իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել։Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից։ Նա շեշտել էր, որ որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, որն առայժմ չկա:

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Նա ասել էր, որ երևի Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություններ ունի։

Գլազն ավելացրել է նաև․ «Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս, հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»։