Գեներալ Մանվելի փաստաբանը պատմեց` որտեղ և ումից են գնվել «Հայֆիլմին» վերագրվող մեքենաները

Կալանավորված գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանը Sputnik Արմենիային հայտնեց, թե որտեղից է ԵԿՄ նախագահը ձեռք բերել իր հավաքածուն համալրած ռետրո ավտոմեքենաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Մանվել Գրիգորյանի ավտոտնակում հայտնաբերված ռետրո ավտոմեքենաները, որոնք վերագրվում են «Հայֆիլմին», Մանվել Գրիգորյանն անձամբ է գնել, ընդ որում` մեկը գնել է Վրաստանից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

«Դրանցից մեկը ներմուծվել է Վրաստանից, հնամաշ, քանդված վիճակում։ Գնված է առուվաճառքի ամենասովորական պայմանագրով։ Դրա վրա կատարվել են վերականգնման աշխատանքներ»,– ասաց Մկրտչյանը` հավելելով, որ խոսքը «Պոբեդա» ավտոմեքենայի մասին է։

Մյուս երկուսը` «ԶԻՄ»–ն ու խորհրդային ռազմական «Վիլլիսը», գնվել են արդեն Հայաստանի տարածքում։

«Այդ մեքենաները բավականին հետաքրքիր տպավորություն են թողնում, իհարկե, ունեն արժեք, բայց դրանց արժեքը գոյացել է դրանց վրա կատարված ներդրումների, աշխատանքի շնորհիվ, որը կատարել է անձամբ Մանվել Գրիգորյանը` սեր ունենալով հնաոճ մեքենաների նկատմամբ»,– ասաց փաստաբանը։

Մանվել Գրիգորյանի ավտոտնակի մի քանի ավտոմեքենաները «Հայֆիլմին» էին պատկանում

Արսեն Մկրտչյանը չբացառեց, որ հայտնի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը կարող է շփոթված լինել։ Աթոյանցն ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էր, թե Մանվել Գրիգորյանի ավտոտնակի մի քանի մեքենաները «Հայֆիլմին» են պատկանել։ Նա ասել էր նաև, որ «Հայֆիլմի» ռետրո ավտոմեքենաների պարկը (ավելի քան 100 ավտոմոբիլ) այլ տեխնիկայի ու սարքավորումների հետ թալանել էին։

Հարցին, թե հնարավոր է, որ այդ ավտոմեքենաներն իրոք պատկանել են կինոստուդիային, բայց մինչ Մանվել Գրիգորյանին հասնելն արդեն դուրս են բերվել այնտեղից, փաստաբանը պատասխանեց. «Թե մինչև Մանվել Գրիգորյանին վաճառելը դրանք ինչ ճանապարհ են անցել, կարծում եմ` Մանվել Գրիգորյանի խնդիրը չէ»։

Մկրտչյանը վստահեցրեց, որ ավտոմեքենաներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, այդ թվում` առուվաճառքի պայմանագրերը, հանձնվել են իրավապահ մարմիններին։ Քրեական գործի շրջանակում այժմ իրականացվում են նշված մեքենաների ստուգումները։

Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու միջնորդությամբ հանդես գալու մտադրություն չունենք. ՀՔԾ

Հիշեցնենք, որ գեներալ–լեյտենանտ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է գտնվում ու մեղադրվում է Զինված ուժերի զենքի ու այլ ունեցվածքի յուրացման մեջ։

ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին` զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։