Ազգերի լիգա. արժե՞ ակնկալել շարունակություն մեր թիմի համար, թե՞ ուղղակի վայելել խաղը

Այսօր Լիխտենշտեյնի հետ խաղով Հայաստանի հավաքականը կավարտի իր ելույթները Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում: Հնարավո՞ր է, որ մեր ընտրանին հաղթի խմբում: Տեսականորեն այո, բայց գործնականում դա կախված չէ միայն մեր թիմի արդյունքից:
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik

Ջիբրալթարի հավաքականից կրած չարաբաստիկ պարտությունից հետո բոլորին էլ պարզ էր, որ մեր ընտրանին, նույնիսկ մնացած բոլոր խաղերում հաղթելու դեպքում էլ,պետք է զգուշանա, որ կսայթաքի Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպմանը: Մերոնք երկու խաղերում հաղթեցին, սակայն հաղթանակ տարավ նաև Մակեդոնիան: Ու վերջին տուրում Լիխտենշտեյն-Հայաստան խաղին զուգահեռ կընթանա Մակեդոնիա-Ջիբրալթար խաղը:

34 տարի անց` կրկին Հայաստանում. Երևանում անցկացվելու է ֆուտբոլի միջազգային մրցաշար

Մտածել, որ Մակեդոնիան սեփական հարկի տակ կպարտվի Ջիբրալթարին կարող ենք, բայց արդյո՞ք դա հնարավոր է: Դե եթե դա մեզ հետ տեղի ունեցավ, կարող է իրականություն դառնալ նաև մակեդոնացիների դեպքում: Բայց Հայաստանի հավաքականը Ջիբրալթարի հետ արտագնա խաղով ապացուցեց, որ մրցակցի հաղթանակը Երևանում անհավանական պատահականություն էր, ու հավատալ որ դա տեղի կունենա նաև Մակեդոնացիների հետ, կարելի է միայն շատ, շատ մեծ ցանկության դեպքում:

Ինչևէ, մենք «աչքի պոչով» ենք նայելու Մակեդոնիա-Ջիբրալթար խաղին: Անկախ ամեն ինչից մեզ, համար կարևոր է մեր հավաքականի խաղը: Բնականաբար, ոչ միայն խաղն, այլ նաև արդյունքը, և մենք միայն հաղթանակ ենք ուզում և ակնկալում: Թե այդ հաղթանակն ինչ հնարավորություններ կբացի մեր թիմի առջև Ազգերի լիգայում՝ այլ հարց է:

Համենայնդեպս, մեր հավաքականին իրականում ռեստարտ է հարկավոր, ու միայն դա կարող է մեզ օգնել մտածել ապագա հաղթանակների մասին: Չմոռանանք, որ հաղթանակը հոգեբանություն է ձևավորում, դրանք թիմին վստահություն են հաղորդում: Ու տեղին է ասել՝ ոչ միայն թիմին, մարզիչներին, երկրպագուներին՝ նույնպես:

«Կամո՛, վարչապետ». պահանջում են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տղաները. տեսանյութ

Եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ հաղթել ենք խմբում ու դուրս եկել Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ, արդյո՞ք մենք շանս ունենք այդտեղ հաղթելու: Միգուցե: Բայց չպետք է մեր ցանկությունները որպես հնարավորություն համարենք: Կիսաեզրափակիչում մեր մրցակիցն անհամեմատ ուժեղ թիմ է լինելու, և այդ արգելքը հաղթահարելու համար մեր թիմին հարկավոր է իր խաղով հրաշք գործել:

2019 թվականի գարնանը մեկնարկելու է Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլը, ու այդտեղ մենք շատ ուժեղ մրցակիցներ կունենանք: Բնականաբար, խմբային փուլում հաջողության հասնելու շանսերն ավելի քիչ կլինեն: Այսինքն՝ մեր թիմին նոր ֆուտբոլիստների ու մարզիչների ընտրության ավելի մեծ հնարավորություն է հարկավոր: Իսկ, ռեսուրսներ, ցավոք մենք չունենք:

Մեկնարկային կազմում Արթուր Քարտաշյանի խաղադաշտ դուրս գալը կարելի է համարել թիմի կազմում նոր ֆուտբոլիստներ ընդգրկելու առաջին քայլը, չնայած Քարտաշյանը հավաքական հրավիրվել էր նախկինում, բայց չէր խաղացել: Պարզ է դառնում, որ հավաքականի ապագան կառուցելու համար պետք է աշխատեն բոլորը, այլ ոչ թե միայն հավաքականի մարզիչները:

Բոլորն ասելով նկատի ունեմ բոլորին, ովքեր սիրում են ֆուտբոլը, աշխատում կամ մարզվում ֆուտբոլում: Շատ երկար կարելի է թվարկել թե ինչ չունենք, ու ինչ պետք է անել ապագայում հաղթանակներ ակնկալելու համար: Դրա մասին շատերն են խոսում ու, բնականաբար, մատնանշում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը: Ժամանակ է հարկավոր: Իսկ այսօր ուղղակի հաղթանակ մաղթենք մեր ազգային հավաքականին Լիտենշտեյնում: