ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիստում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերին հերթական համարներ տրամադրելու վերաբերյալ որոշում կայացրեց: Համարների տրամադրումը տեղի ունեցավ վիճակահանությամբ:
Ըստ այդմ` համար առաջինը ՀՀԿ-ն է, վերջինը՝ ԲՀԿ-ն:
Ստորև ներկայացնում ենք քաղաքական ուժերի ստացած համարները, որոնք հաշվի կառնվեն արձանագրություններ կազմելիս ու կլինեն քվեաթերթիկների վրա հերթական համարները.
ՀՀԿ – 1, «Քաղաքացու որոշում» կուսակցություն – 2, ՀՅԴ – 3, «Իմ քայլը» դաշինք – 4, «Լուսավոր Հայաստան» - 5, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն – 6, «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 7, «Մենք» դաշինք – 8, ՕԵԿ – 9,
«Սասնա ծռեր» - 10, ԲՀԿ – 11։
Նշենք, որ մի քանի կուսակցությունների ցուցակում ներառված թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել:
ԲՀԿ-ի ցուցակից ինքնաբացարկի դիմումի հիման վրա դուրս եկան Սենիկ Էվինյանը, Արարատ Գևորգյանը, Արսեն Սիմոնյանը: « Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել Մհեր Գևորգյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից` Էլյա Հովակիմյանը, ՀՀԿ-ից էլ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել Անդրանիկ Հովհաննիսյանը, իսկ «Մենք» դաշինքից` Նարեկ Գասպարյանը։