ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրել է Հովհաննես Շիրազի բանաստեղծության հիման վրա գրված «Հայաստանի աղջիկներ» երգի նոր տեսահոլովակը։ Երաժշտությունը Իվետայինն է։
«Ձեր դատին եմ հանձնում իմ նոր՝ «Հայաստանի աղջիկներ» աշխատանքը, որը նվիրված է հայ աղջիկներին», – տեսահոլովակը հրապարակելով Facebook–ի իր էջում գրել է երգչուհին։
Տեսահոլովակը շատ է դուր եկել նրա երկրպագուներին։ Նրանք շտապել են իրենց հավանումը տալ և գովաբանական մեկնաբանություններ գրել։
«Միշտ զարմացած եմ ձեր էներգիայի վրա։ Ոնց եք անդադար աշխատում, բռավո», «Շատ լավ գործ էր։ Փայլում ես`ինչպես միշտ», «Տարբերվող Իվա», – գրել են բաժանորդները։
Մուկուչյանը ծնվել է 1986թ–ին Երևանում։ Ընտանիքի հետ նա տեղափոխվել է Գերմանիա և այնտեղ ապրել 1992-2009թթ–երի ընթացքում։ Ավելի ուշ վերադարձել է հայրենիք և զբաղվել վոկալային կարիերայով։ Իվետան մասնակցել է «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթին։ Հայ գեղեցկուհին մրցույթում զբաղեցրել է 7–րդ տեղը, բայց դա չի խանգարել նրան նվաճել աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսների սրտերը։