Հայտարարագիր կներկայացնի ոչ թե քաղաքացին, այլ հարկային համակարգը քաղաքացուն

ՊԵԿ–ի նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանել է հանրային լայն արձագանքին արժանացած, «խոպանչիներին հարկելու օրինագիծ» անունը ստացած նախաձեռնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. ՀՀ քաղաքացիների եկամուտները հայտարարագրելու են ոչ թե քաղաքացիները, այլ հարկային համակարգը, որից հետո հայտարարագրերը կներկայացվեն քաղաքացիների համաձայնությանը։ Այսօր կառավարության արտահերթ նիստի ավարտից հետո լրագրողներին հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` պարզաբանելով «խոպանչիներին հարկելու օրենք» որակումը ստացած օրենսդրական նախաձեռնությունը։

«Խոպանչիներին» կհարկեն միայն մեկ անգամ. կառավարությունը պարզաբանում է աղմուկ հանած օրենքը

«Բազմաթիվ եկամուտներ կան, որոնք հարկման ենթակա են, բայց չեն հայտարարագրվում։ Եթե բոլորս որոշել ենք, որ պետք է ստվերի դեմ պայքարենք, մենք պետք է համատարած հայտարարագրման ինստիտուտը ներդնենք»,– ասաց Անանյանը` հավելելով, որ հանրությունը պատրաստ է նման փոփոխությունների։

Նրա խոսքով` բազմաթիվ անձինք այսօր էլ պարտավոր են եկամտահարկ վճարել, բայց չեն վճարում։ Այս օրենքի ընդունումից հետո, Անանյանի խոսքով, մարդն այլևս իր պարտավորությունից չի կարողանա խուսափել։

Այդուհանդերձ, ՊԵԿ նախագահը հայտարարեց` նախագիծը դեռ գաղափարի մակարդակով է, այն դեռ պետք է քննարկվի, միայն դրանից հետո հաջորդ տարվա ընթացքում կներկայացվի հանրության հավանությանը։

Պետեկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել մի գաղափար, որով 2020թ-ից եկամտային հարկ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Քաղաքացիների բոլոր եկամուտները հաշվառվելու ու հարկվելու են ID քարտային համակարգի միջոցով: Այս նախաձեռնությունը վերաբերելու է նաև արտերկրից ստացվող գումարներին` մասնավոր տրանսֆերտները, որոնք ևս նախատեսվում է հարկել եկամտային հարկով` 2020թ-ի հունվարի 1-ից: