Բյուջեի նախագիծը փոխվեց, ծախսերը մնացին նույնը. կառավարությունը վերանայեց բյուջեի նախագիծը

ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում հավանության արժանացրեց բյուջեի նախագծի փոփոխված տարբերակին, ու այն վերջնական տեսքով ներկայացվեց խորհրդարանի քննարկմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ պատգամավորների այն առաջարկները, որոնք լրացուցիչ ծախսեր էին ենթադրում, ՀՀ կառավարությունը մերժել է։ Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։

Ոչ թե իներցիա, այլ ռեգրես. ՀՀԿ-ն` «Փաշինյանի բյուջեի» մասին

«Մենք մի քանի օրվա ընթացքում այդ առաջարկների վերաբերյալ ստացել ենք նախարարությունների դիրքորոշումները, որոնք իրենց մեջ, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, մերժողական երանգ են պարունակում։ Այլ կերպ ասած` այդ առաջարկները չեն ներառվում նախագծում»,– ասաց նա։

Այն առաջարկները, որոնք ֆինանսական հետևանքներ չեն նախատեսում և վերաբերում են բովանդակային փոփոխություններին, Ջանջուղազյանի խոսքով, հիմնականում ընդունվել են նախագծում։

Կառավարությունն այսօր հաստատեց 2019 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած առաջարկություններին և եզրակացություններին հավանություն տալու մասին նախագիծը։

Բյուջեի ճշգրտված տարբերակն ուղարկվեց ԱԺ։ 2019թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկումը նախանշված է նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում։