Աֆղանստանցի ուսանողները կարող են սովորել Հայաստանում

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Աֆղանստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է աֆղանստանցի ուսանողների հայաստանյան բուհերում սովորելու և հումանիտար համագործակցության խորացման հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամին։ Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, երկրում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, հայ խաղաղապահների առաքելությանը վերաբերող հարցեր։

Դավիթ Տոնոյանը մեկնել է Աֆղանստան

Տոնոյանն առաջարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում քննարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսուցանման հնարավորությունները և հումանիտար համագործակցության խորացումը։

Նա գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, Թարիք Շահ Բահրամին էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Դավիթ Տոնոյանին այցի և հայ խաղաղապահների իրականացրած առաքելության համար։

Հիշեցնենք` հայ խաղաղապահ միավորումը 2010թ–ից մասնակցում է «ՆԱՏՕ–ն Աֆղանստանում» առաքելությանը։ Հայ խաղաղապահները գործում են Գերմանիայի հրամանատարության ներքո։

Հայաստանի խաղաղապահ միավորումը բաղկացած է 120 անձից։