Բելառուսը ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կառաքի Ադրբեջան

Ադրբեջանի նախագահը Բելառուսի առաջնորդի հետ բանակցություններից հետո հայտարարել է պայմանավորվածության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Մինսկն ու Բաքուն ծրագրում են պայմանագիր կնքել բելառուսական ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի առաքման մասին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ–ն։

Ռուսական զենքը Հայաստան մատակարարելու բանակցությունները երբեք չեն ավարտվել․ Տողանյան

Երկու առաջնորդների բանակցությունների արդյունքում ստորագրվել է հուշագիր Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև սպառազինության և հակաօդային պաշտպանության տեխնիկայի առաքումների ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման մասին։

«Կարճ ժամանակամիջոցում հուշագիրը կվերածվի Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակ գնելու պայմանագրի», – ասել է Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով` Ադրբեջանը գոհ է այս ոլորտում Բելառուսի հետ համագործակցությունից, որովհետև արտադրանքը շատ որակյալ է և արդյունավետ։

«Ուստի պատահական չէ, որ մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ունի լավ պատմություն, մեծ ծավալներ և ընդլայնման լավ միտումներ», – հայտարարել է Ալիևը։

2018թ–ի ամռանը հայտնի էր դարձել, որ Բելառուսն Ադրբեջանին տրամադրել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր նոր համակարգեր ստանալու մասին։