Ադրբեջանում գերեվարված Ղազարյանի հարազատները բողոքում են. Թբիլիսի տանող ճանապարհը փակ է

Բողոքողների հետ բանակցություններ է վարել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը։ Նա նշեց, որ իշխանություններն ամեն ինչ անում են` Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Դեպի Թբիլիսի տանող միջպետական ճանապարհն այս պահին փակ է։ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատներն են բողոքի ակցիա իրականացնում։ Նրանք իշխանություններից պահանջում են բանակցել ադրբեջանական կողմի հետ ու վերադարձնել արդեն 4 ամիս գերության մեջ գտնվող 34-ամյա տղային:

Քննարկման առանցքում եղել են գերիների, պատանդների և անհայտ կորածների խնդիրները

Բերդավանցիներն իրենց ակցիան սկսել են առավոտյան` փակելով գյուղի ճանապարհները։ Իսկ այս պահին միջպետական ճանապարհին արդեն հարյուրավոր ավտոմեքենաներն են կուտակվել, այդ թվում նաև բեռնատարներ:

Դեպքի վայր են ժամանել տեղի ոստիկանության աշխատակիցները, Տավուշի մարզպետը, Բերդավանի գյուղապետը։ Նրանք հորդորում են բացել ճանապարհը, քանի որ նման կերպ հարցին լուծում տալ չեն կարող:Ցուցարարները հայտարարում են, որ փակ կպահեն ճանապարհն ինչքան անհրաժեշտ է և կբացեն միայն արտակարգ դեպքերի ժամանակ:Բողոքողների հետ բանակցություններ է վարել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը։ Նա նշել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են` Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու համար:

«Եթե Ադրբեջանը դատի մասին չհայտարարեր, մենք էլի կսպասեինք, բայց դա մեզ լրիվ հունից հանեց: Իմ անմեղ երեխուն դիվերսանտ են դարձրել»,- մարզպետին ասաց Կարեն Ղազարյանի մայրը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը այս տարվա հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաև 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:

Բայց Ադրբեջանի իշխանությունները Կարեն Ղազարյանին դիվերսանտ են հայտարարել ու դատել: