ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի –Sputnik. Հայաստանը գերում է յուրաքանչյուրին, ով գոնե մեկ անգամ հայտնվում է այս փոքր, սակայն հյուրընկալ երկրում։ Այն անտարբեր չթողեց նաև Financial Times միջազգային պարբերականի սյունակագիր Լիլա Ռապտոպուլոսին և նրա ընտանիքին։ Այս մասին լրագրողը գրել է «Ցեղասպանությունից 100 տարի անց` գտնելով Հայաստանս» հոդվածում։
Լիլան մորական կողմից հայ է, այս սեպտեմբերին ընտանիքի հետ առաջին անգամ Հայաստան է այցելել։ Պատմական հայրենիք այցելելու որոշումը նա կայացրել է երկար մտորումներից հետո։ Առաջին անգամ նա այդ մասին մտածել է այս տարվա գարնանը «թավշյա հեղափոխության» ժամանակ և վերջնականապես համոզվել է ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանի մամուլի ասուլիսից հետո։
Լիլայի մորական պապը փրկվել է Հայոց ցեղասպանությունից և հաստատվել ԱՄՆ–ում։ Նրա հայրը հույն է։ Լիլան իր հոդվածում նկարագրել է Հայաստանով իր շրջագայությունը։ Նա պատմել է «թավշյա հեղափոխության» և նրա պատճառների մասին։ Լրագրողը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության նրբությունները, Ռուսաստանի հետ համագործակցությունը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։
«Չեմ հավատում, որ մենք արդեն Հայաստանում ենք։ Երկու օր միայն այդ մասին էինք խոսում», – գրում է Ռապտոպուլոսը։
Նա նկարագրում է Երևանը որպես գողտրիկ եվրոպական հարավային քաղաք` բաց երկնքի տակ գտնվող ռեստորաններով ու սրճարաններով, գինու բարերով, բացառիկ թանգարաններով և համաչափ կենտրոնական հրապարակով, Նոյյան Տապանի մասին հիշեցնող Արարատ լեռան ձյունապատ գագաթների տեսարանով։
Ռապտոպուլոսն իր հոդվածում ներկայացրել է նաև տարբեր փաստեր Հայաստանի պատմությունից, պատմել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին, անդրադարձել Արցախյան հակամարտության թեմային։
Միակ բանը, որի մասին ափսոսում են նա և իր ընտանիքը, այն է, թե ինչու ավելի շուտ չէին այցելել Հայաստան։