Վերին Լարսի խցանման մեջ հայտնված վարորդներին սնունդ, տաք ջուր ու դեղորայք են հասցրել

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը Վերին Լարսի հարցով կապ է հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսի և Վրաստանում ՀՀ դեսպանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը խոսել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ, որը Լարսում առաջացած խնդրով դիմել է Հյուսիսային Օսեթիայի իշխանություններին, մասնավորապես ԱԻՆ և առողջապահության նախարարություններ: Փամփուխչյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցում։

«Առողջապահության նախարարն այցելել է խցանման մեջ հայտնված վարորդներին, քաղաքացիներին ապահովվել է սնունդ, տաք ջուր, դեղորայք և շուկայական գներով դիզվառելիք»,– գրել է նա:

Փամփուխչյանը նշել է նաև, որ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատում է Վրաստանի ԱԻՆ և անցակետի իշխանությունների հետ։

«Մինչև վաղը կեսօր ճանապարհը հաստատ փակ կլինի»,– գրել է նա։

Նշենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա: