ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի հոկեյի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վլադիմիր Պլյուշևը «Спорт Экспресс» պարբերականի հետ հարցազրույցում խոսել է այն մասին՝ ինչպես են հայ երկրպագուներն աջակցել ռուսական թիմին ԱՄՆ-ի հետ խաղի ժամանակ։
«Տրիբունաները լցված էին, տասնմեկ հազար մարդ եկել էին Ռուսաստանի դեմ երկրպագելու։ Միայն հայերն էին մեր կողմից։ Նրանք ԱՄՆ էին հասել Սպիտակի երկրաշարժից հետո ու մնացել էին այնտեղ։ Հրաշալի աջակցություն էր», - հիշել է հոկեյի հավաքականի նախկին մարզիչը։
Պլյուշևի խոսքով՝ հենց իրենց հետևում մի հայ տատիկ է նստած եղել, այտին` Ռուսաստանի դրոշը։
«Մենք հարվածում ենք, շրջվում եմ նրա կողմ։ Ես ծափահարում եմ, նա ծափահարում է․․․ Հուզիչ էր», - պատմել է նախկին մարզիչը։
Ամերիկացիները, որոնք մինչև վերջ վստահ են եղել, որ հաղթելու են, խաղից հետո որոշել են կռիվ անել, բայց չի ստացվել։
«Իմ տղաներն ուժեղ էին թե՛ հոկեյում, թե՛ բռունցքներով։ Մինչև հիմա հիշում եմ՝ ինչպես էին բոլորը ծիծաղում», - ասել է Պլյուշևը։
Վլադիմիր Պլյուշևը հայտնի մարզիչ է, 2000-ականների սկզբին աշխատել է Ռուսաստանի պատանիների հավաքականների հետ։ 2002-2003 թվականներին Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է եղել։