Եվգենի Պետրոսյանի փաստաբանը գիտի` ինչ է ուզում երգիծաբանի նախկին կինը. բացառիկ

Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծությունը բազում հարցեր է ծնել։ Փաստաբան Սերգեյ Ժորինը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է հանրահայտ զույգի պաշտոնական բաժանմանը նախորդած և հաջորդող գործընթացների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանում մեծ ճանաչում ունեցող փաստաբան Սերգեյ Ժորինը, որը դատարաններում ներկայացնում է հայտնի անձանց գործերը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության գործընթացի մասին։

Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնալուծվեցին

«Գույքային վեճը սահուն, դանդաղ տանում ենք դեպի լուծում», – ասաց Ժորինը։

Փաստաբանը գործընթացի ձգձգման երկու պատճառ նշեց` համատեղ ձեռք բերված ունեցվածքի ծավալն ու գույքագրելու հետ կապված դժվարությունը։ Պաշտպանն ասաց, որ Ստեպանենկոն երկար ժամանակ ոչ ոքի չէր թողնում մտնել այն բնակարան, որտեղ հիմա մենակ է ապրում։ Հենց այնտեղ է գտնվում համատեղ ձեռք բերված ունեցվածքի մեծ մասը։ Ժորինի խոսքով` կինը ոչ ոքի թույլ չէր տալիս շեմից ներս անցնել, անգամ Պետրոսյանին։

«Հիմա մեզ հաջողվել է հարկադիր կատարողների հետ մտնել այդ բնակարան ու գույքագրել ունեցվածքը»,– ասաց նա։

Փաստաբանի խոսքով` բավականին դժվար է բաժանել արժեքավոր իրերը` նկարները, գրքերը, հին իրերը։

«Այնտեղ միայն հինգ հազար միավոր մշակութային արժեք կա», – նշեց փաստաբանը։

Կատարյալ տարբերակ կլինի, եթե ամուսիններն իրենք պայմանավորվեն` ով ինչ է ուզում, հետո վիճելի իրերը դատարանում բաժանեն։ Հակառակ դեպքում ունեցվածքի բաժանումը կարող է երկար տևել։

«Ցավոք, Ստեպանենկոն չի ուզում զիջումների գնալ։ Խնդիրը ցանկացած դեպքում կլուծվի, բայց գործընթացն ավելի երկար կտևի», – ընդգծեց Ժորինը։

Փաստաբանն ասաց, որ գլխավոր ձեռքբերումն այն է, որ ամուսնության չեղարկումն առանձին վարույթով եղավ։ Վերջին նիստի ժամանակ դատարանը պաշտոնապես բաժանեց հայտնի արտիստներին։

Պետրոսյանը փող է աշխատում սկանդալային ամուսնալուծության ֆոնին

«Ինձ մոտ տպավորություն է, որ Ստեպանենկոյի գլխավոր խնդիրը Պետրոսյանին ապահարզան չտալն էր... Երևի նա մտավախություն ունի, որ Պետրոսյանը կարող է ապահարզանից հետո միանգամից ամուսնանալ», – ասաց պաշտպանը։

Ժորինը կարծում է, որ իրադարձությունները հակասում են առողջ տրամաբանությանը։

Նրա խոսքով` նախկին ամուսինները ստիպված կլինեն մեծ գումար վճարել, եթե պատրաստվում են հերթով գնահատել հինգ հազար իրերը։ Իսկ շատ ավելի հեշտ կլինի, եթե պայմանավորվեն։ Փաստաբանը կարծում է` անհնար է, որ հինգ հազար իրերն էլ բուռն վիճաբանություններ առաջացնեն։

«Հուսամ` Ստեպանենկոն միտքը կփոխի և հաջորդ նիստի ժամանակ կառուցողական երկխոսություն կվարի», – ասաց Ժորինը։

Ինչ վերաբերում է Պետրոսյանին, ապա նա ի սկզբանե ասում էր, որ պատրաստ է զոհաբերել ունեցվածքի կեսն ու մի բան էլ ավելի, որպեսզի ապահարզան ստանա։ Սակայն նախկին սիրեցյալը դեմ է։

«Նա ուզում է ամուսնու դրամական միջոցների 100%–ը, բոլոր նկարները, սրբապատկերները, գրքերը, ծաղկամանները, արձանիկները, ֆիլմերն ու անշարժ գույքի մեծ մասը», – ընդգծեց Պետրոսյանի պաշտպանը։

Փաստաբանն ասաց, որ երգիծաբանն այս բարդ իրավիճակում իրեն իսկական ջենտլմենի պես է պահում։

Հայտնի զույգի բաժանման մտադրության մասին հայտնի է դարձել օգոստոսի 3–ին։ Հիշեցնենք` Պետրոսյանն ու Ստեպանենկոն ավելի քան 30 տարի ամուսնացած էին։ Այդ տարիների ընթացքում նրանք միասին ելույթ էին ունենում տարբեր շոուներում ու համատեղ հյուրախաղեր էին անցկացնում։